կարևոր
1255 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-16 16:55

Ժորա պապիկի նկատմամբ այս պահին քրգործ են հարուցում ու ձերբակալում․ Վարդևանյան

Ժորա պապիկի նկատմամբ այս պահին քրգործ են հարուցում ու ձերբակալում․ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ «Դիմադրություն» շարժման անդամների ավտոերթերի ընթացքում ոստիկանության իրականացրած գործողություններին՝ նշելով, թե դրանք աղերս չեն ունեցել իրավաչափության և օրինականության հետ։

Նա ասաց, որ ապօրինություն իրականացրած բոլոր ոստիկանները պատասխանատվության են ենթարկվելու։

«Այն հատվածում, որտեղ ոստիկանական ապօրինությունները տեղի են ունեցել, մեր հայրենակիցներից մի քանիսն ահազանգել են 1-02 հեռախոսահամարին, տեղեկացրել են, որ մեքենաների վրա կան վնասվածքներ, վնաս է պատճառվել գույքին, որը նախկինում չի եղել, մեքենայից անհետացած գույք է եղել, գումարային անհետացումներ, հափշտակություններ, այդ ամենի համար ևս ոստիկանները թող պատրաստ լինեն պատասխանատվության ենթարկվելու», - ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, թե իր գործընկերների կողմից հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին՝ ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար։

«Տեսնում ենք ուժի կիրառման ինքնանպատակ դեպքեր։ Մենք տեսանք այսօր 75 տարեկան Գեորգի Արիստակեսյանի՝ Ժորա պապիկի նկատմամբ, մի մարդու, որ երեք պատերազմի մասնակից է, հայրենիքին ծառայելու օրինակ է հանդես բերել։ Հիմա էկրանին դուք տեսնում եք նրա նկատմամբ ինչ ուժ է գործադրվել։ 75-ամյա պապիկի հասցեին  նույնիսկ ամենալկտի հայհոյանքներն են հասցվել։ Ձեզ հիմա ուզում եմ տեղեկացնել, այն մարդու նկատմամբ, որ ավտոերթի պահին եղել է իր հեծանիվով, ոստիկաններն ուժ են կիրառել։ Սա աբսուրդ էլ չէ, խելագարվել կարելի է իրականում»,-ասաց Վարդևանյանը։

Վերջինս նշեց, որ ցավով է այս արձանագրումներն անում։ Նրա խոսքով, այս պահին Ժորա պապիկի նկատմամբ քրեական գործ են հարուցում, նրան ձերբակալում են։