կարևոր
1009 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-16 11:14

Ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի տարածքների նկատմամբ․ Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի տարածքների նկատմամբ․ Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ, որոնք կարող էին տալ բաժանելու, Հայաստանի տարածքի մեջ սեպի նման խրվելու և ճանապարհների ու ռազմավարական  ենթակառուվածքների նկատմամբ վերահսկողություն ունենալու հնարավորություն: Բայց դրանց հետո էլի կանգ չեն առել ու նույն քաղաքականությունը շարունակել են արդեն նոր տարածքների նկատմամբ: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Օրինակ՝ 1918-1920թթ. Առաջին Հանրապետության կազմում, իսկ հետո էլ մինչև 1924թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝ Նոյեմբերյան, Տավուշի մարզ) և ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջև գտնվող 1002 դեսյատին տարածքով «Աջի» տեղամասը:

Այս վայրի անտառները եղել են զգալի ծառաշատ, իսկ արոտավայրերը` անասնապահության համար չափազանց հարմար, ուստի և գյուղացիների համար ունեցել են կեսնական կարևորություն: Ունեցել են անվտանգության ռազմավարական նշանակություն:

Ադրբեջանական իշխանություններն այդ ժամանակ մեծ ջանքեր են գործադրել այս տարածքին տիրելու համար՝ գիտակցելով, որ այդ դեպքում հնարավորություն կունենան Հայաստանի հյուսիսարևելյան տարածքները կտրել իրարից, վերահսկողություն սահմանել ճանապարհների նկատմամբ: ՀԽՍՀ գյուղերի բնակիչների իրավունքների համար այս լուծումը լրջագույն խնդիրներ էր ստեղծելու ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև անվտանգության տեսանկյունից:

Արդյունքում՝ Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեի հողային հանձնաժողովի 1924 թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ ՀԽՍՀ-ին պատկանող «Աջի» տեղամասի հյուսիսարևելյան մասը` 612 դեսյատին տարածքով, հանձնվել է Ադրբեջանի ԽՍՀ-ին, իսկ հարավարևմտյան մասը` 390 դեսյատին տարածքով, ՀԽՍՀ-ին: Այսինքն՝ Հայաստանը զրկվել է այդ տարածքի մեծ մասից:

Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական քաղաքականությունը տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել: Հայաստանյան այդ ժամանակվա կառավարութուններն անուշադրության են մատնել գյուղացիների իրավունքների հարցերը, մարդկանց անվտանգությունը՝ սահմանային հարցերը դիտարկելով տարածքային-քաղաքական ու մեխանիկական մոտեցումներով»: