կարևոր
3601 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-15 21:15

ԶԱՐԹՆԻ՛Ր ԼԱՈ․․․ 15.05.2022 Երևան․ Հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան (Օրվա ամփոփում)․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարության շենքի շրջափակման ժամանակ բազմաթիվ պետծառայողներ մեզ ողջունեցին, որոշները՝ միացան․ տեղեկություն կա, որ նրանց նկարել են և փոխանցել իրենց նախարարին․ ես պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ եթե որևէ աշխատակցի նկատմամբ լինի սպառնալիք կամ մարդն իր քաղաքական հայացքների համար հետապնդվի՝ այդ նախարարն ի դեմս մեզ հյուր է ունենալու․ բոլորս գնալու ենք իր աշխատասենյակ և բացատրենք՝ ինչը ինչից հետո է։

2020 թ-ի նոյեմբերից հետո Հայաստանում փոխվել է քաղաքական գործընթացների տրամաբանությունը․ այն դուրս է եկել ընդդիմություն-իշխանություն դասական ընկալումից։ Օրվա իշխանությունն ասում է՝ ապագա կա զիջելով, մենք ասում ենք՝ ապագա չկա զիջելով, մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանությունների պատկերացումները՝ համարելով դրանք ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ։ Հետևաբար, այս իշխանությունների ընթացքը պետք է կասեցնենք։

Մեկ անգամ ևս այս հրապարակից դիմում եմ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատասխանատու քաղաքական անհատներին և ուժերին, գիտական, մշակութային, հոգևոր, գործարար համայնքին, պահանջատեր երիտասարդությանը՝ դուրս եկեք փողոց մեր երկրի դեպի անդունդ ընթացքը կասեցնելու մանդատով, դուրս եկեք, միացեք ձեր քույրերին, եղբայրներին՝ օր առաջ սրանց հեռացնելու։

Այն խնդիրները, որ մեր առջև դրել ենք՝ քայլ առ քայլ իրականացնում ենք։ Սրանց բոլոր հաշվարկները՝ ինչպես մտածում էին, որ ժողովուրդը համակերպվել է պետականությունը կորցնելու հետ, այնպես էլ մտածում էին, որ այս պայքարն ինչ-որ փուլի նահանջ կունենա, ես ձեզ վստահեցնում եմ՝ ամեն օր մեր պայքարին միանում են նորանոր շերտեր, մեզ անհրաժեշտ է կազմակերպվածության նոր մակարդակ, որպեսզի մեր շարժմանը նոր թափ և նոր ընթացք հաղորդենք․ մենք գնում ենք այդ ճանապարհով։

Ակնհայտ է՝ Նիկոլն իշխանության մնալու որևէ ռեսուրս չունի, իր օրերը հաշված են։

Ի՞նչ պետք է անենք․

Փողոցային պայքարով, համընդհանուր համաժողովրդական ընդվզման միջոցով պետք է երկրում ստեղծենք լիարժեք երկիշխանություն։ Դրա համար մեր անհնազանդության ակցիաները, բողոքները պետք է նոր ծավալների հասնեն, որ ապացուցենք, որ ինքը այլևս իշխանություն չունի, և ժողովրդի իշխանությունն արդեն փաստ է և այս հրապարակում։

Դրա համար մենք պետք է ավելացնենք ծավալները։

Առաջիկա գործողությունների մասին Իշխան Սաղաթելյանը նշեց․

Վաղն առավոտից՝ ժամը 8։00-ից, պետք է սկսենք անհանզանդության ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր։

Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահավաք չենք ունենալու, բայց ամբողջ օրվա ընթացքում պետք է շարունակենք անհնազանդության ակցիաները։

Իսկ երեքշաբթի օրն առավոտյան համարում եմ շատ կարևոր օր․

Այդ օրը առավոտյան ժամը 8։00-ին պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիաներ․ առնվազն մենք պետք է ձևավորենք 80-100 խմբեր, ովքեր առավոտյան 8։00-ին՝ թողնելով իրենց գործը, աշխատանքը, առօրյա հոգսերը, պետք է դուրս գան փողոց։

Այն բազմաքանակ, տասնյակ հազարավոր հանրահավաքները, որ ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք։

Այն, ինչ այս օրերին մենք իրականացրել ենք՝ հսկայական գործ է ի պատիվ ձեզ, բայց շատ կարևոր է, որ այս ամեն ինչը անենք նաև ոչ թե աշխատանքից հետո, այլ առավոտյան 8։00-ին, որ իրականում հասնենք գործադուլի և դասադուլի։

Հանրային գործիչները թող կոչ անեն իրենց ընկերներին, որ միանան իրենց կոնկրետ հասցեում։

Շատ կարևոր է, որ երեքշաբթի առավոտ 8։00-ին ամբողջ քաղաքում տեղի ունենան այդ անհնազանդության ակցիաները։

Իսկ երեքշաբթի երեկոյան՝ 19։30-ին, տեղի է ունենալու հանրահավաք։

Երեքշաբթի օրվանից շարժմանը ամբողջությամբ նոր թափ ենք տալու․ մեր առջև դրված խնդիրները, ինչին հասել ենք՝ բավարար չէ, պետք է կազմակերպվածության նոր մակարդակ, որ ձեռքբերումները դարձնենք անշրջելի։

Հոգնել չկա, նահանջ չկա, մինչև վերջ։