կարևոր
502 դիտում, 5 օր առաջ - 2022-05-14 12:40

Խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը կիրառում է անհիմն ուժ՝ նպատակ ունենալով ահաբեկել նրանց․ Իշխանյան

Խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը կիրառում է անհիմն ուժ՝ նպատակ ունենալով ահաբեկել նրանց․ Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականցվող բողոքի ակցիաներով պայմանավորված լարված օրերին ամենօրյա մշտադիտարկում է իրականացնում։

Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր հրապարակեց Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկման միջանկյալ զեկույցը՝ հիշեցնելով, որ ևս մեկ միջանկյալ զեկույց հրապարակել են մոտ տասը օր առաջ։ 

Հրատապ զեկուց հրապարակելու պատճառն Ավետիք Չալաբյանի ձերբակալությունն է։ Այս մասին լրագրողներին ասաց Իշխանյանը։

«Այս լարված օրերին մեր դիտորդներով ամենօրյա մշտադիտարկում ենք իրականացնում։ Ընդդիմության նախաձեռնած ցույցերի մեկնարկից մինչև հիմա՝ ապրիլ-մայիս ժամանակահատվածում դիտարկվել է 80 հավաք։ Կարևորագույն խնդիրը, որ նկատվել է, ոստիկանների նույնականացման խնդիրն է։ Բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուն մասնակցել են դեմքն ամբողջութամբ ծածկող դիմակներով, առանց տարբերանշանների, ոստիկանական համազգեստով անձինք, ինչը միջազգային բոլոր նորմերի խախտում է»,-նշեց իրավապաշտպանը։

Իշխանյանը կոնկրետ օրերով ներկայացնելով արձանագրված խախտումները՝ առանձնացրեց նաև մայիսի 4-ին ԱԺ նստավայրի ներքին տարածքի երկայնքով լուսաձայնային նռնակներ տեղադրելու, ինքնաձիգով ոստիկական ուժեր և դիպուկահարներ կենտրոնացնելու փաստերը։

«Խաղաղ հավաքների ժամանակ շատ կարևոր է ոստիկանության, իրավապահների համաչափ տեղադրումը։ Այստեղ ոչ միայն դա չկար, այլև խաղաղ հավաքի մասնակիցներին ահաբեկում էին դիպուկահարներով, զինված մարդկանցով»,-նշեց Իշխանյանը։

Դիտորդական խումբն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, թե ինչպես են հավաքների մասնակիցներին բերման ենթարկում անհամաչափ ուժ կիրառելով, բռնություններ գործադրելով, բռունցքներով հարվածներ հասցնելով, թքելով ցուցարարների վրա, որոնք հաճախ, իրավապաշտպանի խոսքով, եղել են անհիմն։

«Հրապարակվել են մի շարք արժանահավատ ապացույցներ ոստիականների գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների կրած վնասվածքների մասին։ Բոլորի փաստական ապացույցները կան, հղումներով են»,-շեշտեց իրավապաշտպանը։

Դիտորդական խմբի արձանագրած խախտումների շարքում են նաև լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու բազմաթիվ դեպքեր, անչափահասների նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու դեպքեր։