24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ընտրություններից հետո շարունակվում են համատարած բռնաճնշումները բոլոր այն անձանց հանդեպ, ովքեր չենք քվեարկել այսօրվա իշխանության օգտին։ Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեծ ծավալով շարունակվում են ապօրինի ճնշումներն ընտրված համայնքների ղեկավարների նկատմամբ․ դրանով փորձ է արվում քանդել նաև ՏԻՄ ինստիտուտը և դա դարձնել նշանակովի, կան արդեն բազմաթիվ ակնհայտ ճնշումներ բոլոր այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք մաս են կազմել «Հայաստան» դաշինքին կամ ունեցել են այլ դիրքորոշում, որը տարբերվել է գործող իշխանության դիրքորոշումից»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ակնհայտ ճնշումներ են շարունակվում նաև հանրային ծառայողների նկատմամբ։
«Մենք այս բոլորը արձանագրում ենք, հավաքագրում ենք, տրամադրելու ենք նաև միջազգային կազմակերպություններին, և ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը մեր համակիրներին և աջակիցների իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը բացառում է տարբերակը, որ միայն ՀՅԴ-ն մտնի խորհրդարան, այս որոշումը կկայացնի «Հայաստան» դաշինքը:
«Որոշումն ընդունվելու է համատեղ: Այդ որոշումը բխելու է մեր պայքարի հաջողության տրամաբանությունից: Եթե գանք եզրակազության, որ այդ մանդատները վերցնելով մեր պայքարին նոր ուժ ենք տալու, ուրեմն կգնանք այդ տարբերակով, կվերրցնենք մանդատները ու մեր պայքարը կշարունակենք», - նշեց Սաղաթելյանը:
Հարցին՝ քննարկվե՞լ է խորհրդարան չգնալու տարբերակը՝ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, որ հատկապես սկզբնական օրերին նման քննարկումներ եղել են.
«Հիմա հակված ենք մյուս տարբերակին, բայց վերջնական որոշումը կհայտնենք ՍԴ-ի եզրակացությունից հետո»:
Անկախ խորհրդարանում լինելու հանգամանքից, Սաղաթլյանի խոսքով, փողոցն իրենց համար կարևոր է: Նրա հավաստմամբ, այս ընդդիմությունը տարբերվելու է մինչ այս եղած բոլոր ընդդիմություններից:
«Խորհրդարանում այս իշխանությանն օր ու արև չենք տալու»,-նշեց Սաղաթելյանը:
Իսկ այս փուլում, եզրահանգել են, փողոցային պայքարն արդյունավետ չէր լինի, այդ իսկ պատճառով գնացին ՍԴ դիմելու ճանապարհով: