19:08 . 22/08
Տարեց կինն ինքնագլուխ ռեստավրացիայով այլանդակել է 19-րդ դարի հեղինակ Էլիաս Գարսիա Մարտինեսի հեղինակած "Էկե Օմո" (Ecce Homo) որմնանկարը: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, այդ մասին վկայում է որմնանկարի` տարբեր ժամանակ կատարված երեք լուսանկարների համեմատությունը:
Ութսունն անց կինը որոշել է, որ Սանտուարիո դե Միզերիկորդիա եկեղեցու որմնանկարը փոքր-ինչ վերականգնման կարիք ունի, և այդ նպատակով մասնագետ հրավիրելու փոխարեն, ինքն է որոշել կատարել այդ աշխատանքը: Արդյունքում` Մարտինեսի հստակ վրձնահարվածների փոխարեն զառամյալ նկարչի խզբզանքն ենք տեսնում, արտահայտչականության տարիներով հաշվարկված խորությունն իր տեղը զիջել է կարմիրով ու շագանակագույնով աղավաղված պատկերին:
PanArmenian.net-ի փոխանցմամբ, որմնանկարի այլանդակումը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ 19-րդ դարի նկարչի թոռնուհին շուրջ երկու շաբաթ առաջ նվիրատվություն է կատարել Իսպանական Բորխա քաղաքի ուսումնական կենտրոնին: Ուսումնական կենտրոնը տարածաշրջանի կրոնական նկարների արխիվ ունի պարբերաբար թարմացվող լուսանկարներով: Նվիրատվությունը ստանալուց հետո Կենտրոնի աշխատակիցները մեկնել են ստուգելու եկեղեցու որմնանկարի վիճակը և հայտնաբերել են աղճատված պատկերը:
2010-ին կատարված լուսանկարում երևում է, որ Հիսուս Քրիստոսի որմնանկարը չնչին է վնասված, միայն մի քանի սպիտակ բծեր են նկատվում: Այդ տարվա հուլիսին կատարված լուսանկարում նկարի մակերեսի որոշակի հատվածը սպիտակ է դարձել՝ ներկը թափվելու արդյունքում, հավանական է, որ դա նույնպես տարեց կնոջ ձեռքի գործն է, երբ նա դեռ նոր էր սկսել վերականգնման աշխատանքները: Վերջին լուսանկարում որմնանկարի սկզբնական տեսքից այլևս ոչինչ չի մնացել, այն անհնար է ճանաչել:
Սիրողական ռեստավրատորը, որի անունը հայտնի չէ, ասել է, թե որմնանկարի վերականգնումը ձեռնարկել է "բարի նպատակով":