Երկիր Մեդիա

Եվրադատարանը կքննի Ադրբեջանում սպանված հայ գերի զինվորի ծնողների ներկայացրած հայցը

14:22 . 03/07

Շուտով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կսկսվի Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ծնողների՝ Մամիկոն Սարիբեկյանի և Սիրանուշ Բալյանի անունից ներկայացված գանգատի քննությունը: 
 
Ինչպես "Փաստինֆո" գործակալության թղթակցին հայտնեց գանգատը նախապատրաստած և ԵԴ ներկայացրած "Արնի Քնսալթ" փաստաբանական գրասենյակի ղեկավար Արա Ղազարյանը, գանգատը Եվրոդատարանում է գտնվում արդեն մեկ տարի: 
 
Եվրոպական դատարան ներկայացված գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունք և 3-րդ՝ Խոշտանգում, հոդվածների հիմքով: Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունը` որպես պատասխանող պետություն, պատասխանատվություն է կրում հոդվածի նյութական իրավունքի և դատավարական իրավունքի բաղադրիչների ներքո: Անկախ այն հանգամանքից, թե որն է եղել Մանվելի մահվան պատճառը, պետությունը պատասխանատու է իր բացառիկ իրավազորության ներքո՝ կալանավայրում գտնվող անձի կյանքի համար, քանի որ կրում է պոզիտիվ պարտականություն կալանավորների կյանքի ու առողջության պահպանման համար: 
 
Ինչ վերաբերվում է մարմնական վնասվածքներին, ապա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո վիճարկվում է, որ մահվանից առաջ Մանվելը ենթարկվել է խոշտանգումների, որից հետո կատարվել է ինքնասպանության իմիտացիա՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով: 
 
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո խախտվել են նաև Մանվել Սարիբեկյանի ծնողների իրավունքները, քանի որ որդու հետ տեղի ունեցած դեպքերը նրանց պատճառել են անասելի հոգեկան տառապանքներ: 
 
Գանգատում նշվում է, որ խախտվել է նաև նշված երկու հոդվածների դատավարական բաղադրիչն՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի ապահովել պաշտոնական անկախ հետաքննության անցկացում՝ մահվան և խոշտանգումների փաստերի հիմքով: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ իրավական պաշտպանության միջազգային կառուցակարգի՝ 1993թ. հունվարի 22-ին Մինսկում կնքված "Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին" Մինսկի կոնվենցիայի շրջանակներում, որի կողմ են նաև Հայաստանն ու Ադրբեջանը: 
 
Գանգատի շրջանակներում վիճարկվում են նաև Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածները՝ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների բացակայության և ազգային ծագումից դրդված խտրականության դրսևորման հիմքերով: 
 
Մանվել Սարիբեկյանը հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր: 2010թ. սեպտեմբերի 11-ի երեկոյան, ժամը 17-ի սահմաններում, Մանվել Սարիբեկյանն ընկերների հետ գնացել է գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտակա անտառից փայտ հավաքելու և իր ու գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որոնք կորել էին նախորդ օրը: Մանվելն առաջարկել է ընկերներին անտառում փայտ հավաքել, մինչև ինքը կորոնի անասուններին: Հանդամասում գտնվող ֆերմայի պահակից ձի վերցնելով, Մանվելը շարժվել է ֆերմայից քիչ հեռու գտնվող անտառապատ ձորակի ուղղությամբ, որտեղից այլևս չի վերադարձել: 
 
2010թ. սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ, ով ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով դիվերսիոն խմբի հետ փորձել է հատել Ադրբեջանի սահմանը, սակայն ձերբակալվել է, իսկ խմբի մյուս անդամները դիմել են փախուստի: Իր հերթին ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր հատուկ թողարկում, որում ցուցադրվել է Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը հեռուստաընկերության աշխատակցի հետ: Սույն հարցազրույցն այնուհետև տեղադրվել է youtube.com կայքում, որտեղից էլ լայն հանրությունը ՀՀ-ում, այդ թվում նաև՝ Մանվելի ծնողները, տեղեկացել էին, որ Մանվելը գտնվում է Ադրբեջանում, ձերբակալվել է հատուկ մարմինների կողմից և որ մեղադրվում է ահաբեկչության փորձի մեջ:
 
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը փորձել էր Ադրբեջանի իր գործընկերներից թույլտվություն ստանալ` Մանվել Սարիբեկյանի հետ հանդիպելու համար, սակայն ադրբեջանական կողմը մերժել էր: 
 
2010թ. հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն էին տարածել այն մասին, որ Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել` կալանքի տակ գտնվելիս: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա ինքնասպան էր եղել հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում` կախվելու՝ կալանքի տակ գտնվելիս պարանոցին վերնաշապիկից և սավանից պատրաստված օղակ հագցնելու միջոցով: Մոտ մեկ ամիս անց, 2010թ. նոյեմբերի 4-ին ադրբեջանական իշխանությունները Հայաստանին հանձնել են Մանվել Սարիբեկյանի դին` քայքայված վիճակում: Դիակի զննությամբ պարզվել է, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում: 
 
2010թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ճամբարակ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ և ազգային ատելության շարժառիթներով սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը: 
 
2010թ. նոյեմբերի 5-ին նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ Մանվելի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ունեին խոշտանգման հատկանիշներ, չէին կարող առաջանալ կախվելու հետևանքով և որոնք առաջացել էին մահվանից մեկ և երկու օր առաջ: Գյուղի մի շարք բնակիչներ, ովքեր մասնակցել էին Մ. Սարիբեկյանի հուղարկավորությանը, նույնպես նկատել էին նրա մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր: 
 
Արա Ղազարյանը հայտնեց, որ ինքը պատրաստվում է Եվրոդատարանին տեղյակ պահել, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործը կասեցվել է, քանի որ Հայաստանի գլխավոր դատախազի` Ադրբեջանի իր պաշտոնակցին ուղղված ուղղակի և միջնորդավորված երկու հարցումները մնացել են անպատասխան: Առաջնորդվելով 22.01.1993թ. կնքված "Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին" Մինսկի կոնվենցիայով՝ ՀՀ գլխավոր դատախազը քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու համար խնդրել էր աջակցել քրեական գործի քննությանը և, մասնավորապես, հայտնել, թե արդյոք Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվու՞մ է քննություն Սարիբեկյան Մ. Մ.-ի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը:
 
ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել էր նաև, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:
 
Ա. Ղազարյանը հայտնեց նաև, որ Հայաստանում կան փաստաբաններ ու իրավապաշտպաններ, ովքեր նպատակ ունեն դիմել Եվրադատարան` սահմանի վրա հակառակորդի գնդակից սպանությունների դեպքերի առնչությամբ, ինչը փաստաբանի գնահատմամբ, "շատ լավ ու ճիշտ նախաձեռնություն է":


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 16:47 . 25/05 YouTube-ը Տաջիկստանում արգելափակել են
  • 16:30 . 25/05 "ՀայՌուսագազարդի" հասարակայնության հետ կապերի բաժնի պետը չի մասնակցի գազի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաներին
  • 16:14 . 25/05 Մոսկվայի "Հայկական վերածնունդ" կիրակնօրյա դպրոց 25 տարեկան է վիդեո
  • 15:47 . 25/05 Շոտլանդիայի խորհրդարանում ստորագրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին միջնորդագիր
  • 15:38 . 25/05 Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է մասնակցել Սիրիայի հարցով միջազգային համաժողովին մեկ պայմանով
  • 15:13 . 25/05 Առաջին հանրապետության ժամանակ քաղաքական գործիչների մղումներն ավելի ազնիվ էին
  • 14:31 . 25/05 Իրանի նախագահի թեկնածու Սայիդ Ջալիլին ընտրվելու դեպքում նպաստելու է մահմեդականության տարածմանը
  • 13:41 . 25/05 Կալիֆոռնիական առողջապահական հիմնադրամը 10 հազար դոլար է հատկացրել Փասադենայի հայկական համայնքին
  • 13:12 . 25/05 Dorians-ը հունիսի մեկին բացօթյա համերգով իր շնորհակալությունը կհայտնի
  • 12:43 . 25/05 Գորիսում հնչեց վերջին զանգը եւ ազդարարվեց նոր կյանքի սկիզբը վիդեո
  • 12:18 . 25/05 "Նախագահն Աստված չէ... Նա, ով խախտել է օրենքը, պատասխան պետք է տա",- Իվանիշվիլի վիդեո
  • 11:40 . 25/05 Քրիստին Լագարդին չեն դատի. նա կշարունակի պաշտոնավարել վիդեո
  • 20:34 . 24/05 Ոտիկանապետը գյուղապետերին օգնություն է խոստացել եւ հորդորել՝ ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելուց
  • 20:29 . 24/05 Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա
  • 11:56 . 25/05 Պոլիտեխնիկի 20 ուսանողի "Ալբերտ Սուքիասյանի" անվան կրթաթոշակ կտրվի
  • 20:14 . 24/05 Օբաման հայտարարել է՝ Գուանտանամոն փակելու է
  • 20:07 . 24/05 Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից վիդեո
  • 19:58 . 24/05 Բակո Սահակյանը Մարտակերտում հետեւել է զորավարժությունների ավարտական փուլին վիդեո
  • 19:51 . 24/05 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել են նախագահն ու ԱԳ նախարարը
  • 19:49 . 24/05 Արքայազն Չարլզը կժամանի Հայաստան

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us