13:47 . 02/07
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումից հետո Լոնդոնում հուլիսի 29-ին կայանալիք հայկական մեծ փառատոնն ազգային տոնի է վերածվելու: Ինչպես "Արմենպրես"-ին տեղեկացրեց Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Մեծ Բրիտանիայի բավական հզոր հայկական համայնքը ցանկացել Է, համագործակցելով ՀՀ դեսպանատան եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ, օլիմպիական խաղերի օրերին հայկական տոն կազմակերպել Լոնդոնում:
Նույն օրը օլիմպիական խաղերի շրջանակում կկազմակերպվի նաեւ Հայկական օրը, որը Լոնդոնում մարզական աշխարհին լավագույնս կներկայացնի Հայաստան երկիրն` իր հարուստ պատմությամբ եւ մշակույթով, ազգային ավանդույթներով, սպորտով, կենցաղով, խոհանոցով: Այն անց է կացվելու Լոնդոնի կենտրոնում գտնվող Հայկական եղեղեցու տարածքում:
Լոնդոնի քաղաքապետարանի հետ միջոցառման կազմակերպումն արդեն համաձայնեցված Է, ներկայումս ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն ակտիվորեն քննարկում Է կազմակերպիչների հետ այս միջոցառման նախապատրաստման վերջին մանրամասներն` այն հնարավորինս գեղեցիկ եւ անմոռանալի դարձնելու նպատակով: