16:55 . 30/06
Ամերիկյան հետախուզության տեղեկությունները փաստում են, որ Սիրիայի կողմից ոչնչացված թուրքական ռազմական ինքնաթիռն, ըստ ամենայնի, կործանվել է հակաօդային ափամերձ հրանոթից արձակված կրակոցից, երբ այն գտնվել է Սիրիայի օդային տարածքում: Այս մասին գրում է "Wall Street Journal"-ը:
Թուրքական կառավարությունը պնդում է, որ հունիսի 22-ին տեղի ունեցած միջադեպից հետո ինքնաթիռի բեկորներն ընկել են Սիրիայի տարածքային ջրերում, բայց եւ նշում, որ ինքնաթիռը խփվել է առանց նախազգուշացման: Բացի դրանից, Անկարան հայտարարել է, որ թռչող սարքը կործանման պահին բավական հեռու է գտնվել Սիրիայի տարածքից, ուստի այն չէր կարող խփված լինել հակաօդային հրանոթի միջոցով:
"Որեւէ ապացույց չկա, որ այն խփվել է "Երկիր-երկինք" դասի հրթիռով, ինչպես նշում է թուրքական կողմը: Իսկ եթե իրականում այն խփվել է հակաօդային կրակոցի միջոցով, դա նշանակում է, որ այն չափից ավելի է մոտեցել Սիրիայի ջրափնյա գծին",- նշել է ամերիկացի բարձրաստիճան զինվորակններից մեկը:
Մի շարք ամերիկացի պաշտոնյաներ, ովքեր նախկինում աշխատել են Թուրքիայի հետ, կարծում են, որ ինքնաթիռը պատահաբար չի հայտնվել այդ տարածքում: Ըստ նրանց, թուրքական կողմը ցանկացել է ստուգել, թե ի՞նչ արագությամբ եւ ինչպիսի՞ պատասխան կտա Սիրիան օդանավի հայտնվելու դեպքում: Այսօր Թուրքիայի կառավարությունը մտադիր է հատուկ նիստ անցկացնել, որի քննարկման թեման ԱՄՆ հետախուզական ծառայության ներկայացրած տվյալներն են: