Ադրբեջանի իշխանությունները 2009 թվականից ի վեր խոչընդոտում են Ադրբեջանում քաղբանտարկյալների գծով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների եւ իրավական հանձնաժողովի զեկուցող Քրիստոֆեր Շտրասերի այցն իրենց երկիր: Այս մասին հայտնել է անձամբ Շտրասերը:
ԵԽԽՎ մարդու իրավունքների եւ իրավական հանձնաժողովի հունիսի 26-ի նիստում հավանության է արժանացել Քրիստոֆեր Շտրասերի ներկայացրած զեկույցը, ըստ որի՝ Ադրբեջանում ներկայում 89 քաղբանտարկյալ կա: Շտրասերը հույս է հայտնել, որ այժմ հանձնաժողովի կողմից զեկույցի ընդունումից հետո, Ադրբեջանի իշխանություններն արդեն կկատարեն մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ուղղությամբ` ԵԽԽՎ առաջ ստանձնած պարտավորությունները: Փաստաթղթով զեկուցողը նպատակ է ունեցել Ադրբեւջանում մարդու իրավունքներ լրջության մասին վեհաժողովին ականջալուր դարձնել, իսկ եթե Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են հասնել քաղաքական առաջընթացի, ըստ Շտրասերի, նրանք պետք է պատրաստ լինեն համագործակցության:
Պաշտոնական Բաքուն՝ միջազգային հանրության եւ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունների ճնշումները թերեւս մեղմելու համար ԵԽԽՎ զեկույցից օրեր առաջ համաներում է շնորհել 66 քաղբանտարկյալի:
"Կարծում եմ` մեզ ազատ արձակելու պատճառ նաեւ դարձավ տեղական քաղաքական կուսակցությունների, ընդդիմության, անհատ պատգամավորների, մամուլի բարձրացրած աղմուկը: Նրանք այս ընթացքում շարունակաբար մեր ազատությունն էին պահանջում",- ասել է "Մուսավաթ" կուսակցության փոխնախագահԱրիֆ Հաջըլը:
Բանտարկյալներին ազատություն շնորհվել է նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած համաներման հրամանագրով: Նրանց թվում են 2011 թվականի գարնանը հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալված 9 ակտիվիստ: Նախապես հաղորդվում էր, որ հակակառավարական չարտոնված այդ ցույցին մասնակցել էր ավելի քան հազար մարդ, իսկ ձերբակալվածների թիվը 200-ի էր հասնում:
"Բանտում անցկացրած ժամանակահատվածում երբեք չեմ դադարել քաղաքական գործունեությունս եւ վաղվանից սկսած` շարունակելու եմ աշխատել՝ արդեն ազատության մեջ, շարունակելու եմ մեր պայքարը՝ հանուն ժողովրդավարական բարեփոխումների հաստատման",- "Մուսավաթի" փոխնախագահը։
Այս տարվա մայիսին Ադրբեջանի իշխանությունները, կրկին տեղի տալով Արեւմուտքի ճնշումներին, ազատ էին արձակել մի քանի լրագրողի եւ բլոգերի, արտոնել ընդդիմության ցույցերը: Այս ժամանակ եվրատեսիլյան օրերն էին, եւ միջազգային հանրությունը հատկապես հետեւում էր Բաքվի վարքագծին, հատկապես, երբ միլիարդավոր դոլարներ էին ծախսվում՝ երգի միջազգային մրցույթին պատրաստվելու, աշխարհի առջեւ պարծենալու համար: