17:58 . 27/06
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն այսօր մեղադրել է "Երկիր մեդիայի" լրագրողին՝ Սահմանադրությունը խախտելու մեջ։
Տնտեսական դաշտում մենաշնորհների վերաբերյալ հարցից հետո քաղաքական գործիչը լրագրողներին մեղադրանք է ներկայացրել քաղաքական դաշտում երեւույթները, այսպես ասած, խեղաթյուրելու համար։ Ըստ նրա, երբ լրագրողն իրեն հարց է տալիս՝ օգտագործելով "հայտնի գործարար պատգամավորը" բառակապակցությունը, խախտում է Սահմանադրությունը։
"Դուք ասում եք` իրերն իրենց անունով ենք անվանում, բայց իրերն իրենց անունով անվանելով` շարքային քաղաքացուն սովորեցնում եք դրան։ Ես ոչ թե արդարացնում եմ այդ երեւույթը, այլ ցանկանում, որ բոլորը խոսեն այն մասին, որ դա անհնար է եւ անթույլատրելի",- ասաց Հարությունյանը։
Անթույլատրելիության առումով Հարությունյանի հետ վիճելը չէինք ցանկանա, համամիտ ենք, սակայն փաստն այն է, որ չնայած ընտրություններից առաջ վարչապետի տված խոստումին՝ գործարարներին խորհրդարան չբերելու մասին, նրանցից շատերը կրկին այսօր վայելում են պատգամավորական անձեռնմխելիությունը՝ մանդատի շնորհիվ։