11:27 . 27/06
Արարատի մարզի Մասիս քաղաքում օրերս տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը ապշեցրել է ոչ միայն Սահակյանների ընտանիքի ծանոթ հարազատներին, այլև ողջ Մասիսին:
Քաղաքի բնակիչ, 74-ամյա Վոլոդյա Սահակյանը Մասիս քաղաքի 8-րդ փողոցի 32 հասցեում գտնվող իր տանը դանակով երկու անգամ հարվածել էր հարսի՝ 37-ամյա Քրիստինե Զաքարյանի որովայնին, ինչի արդյունքում 4 երեխաների մայրը մահացել էր: Սակայն սպանությունը կատարելուց հետո 74-ամյա սկեսրայրը մեկ այլ դանակով էլ իր կոկորդն էր կտրել:
Ըստ "Առաջին լրատվականի" ունեցած տեղեկությունների՝ սկեսրայրը 37-ամյա հարսին սպանել է խանդի հողի վրա: Բանն այն է, որ Քրիստինեի ամուսինը, այսինքն` Վոլոդյա Սահակյանի որդին, արդեն 6 տարի է, ինչ մահացել է: Վերջին շրջանում հարսով լուրջ հետաքրքրվող է եղել, որը ցանկացել է ամուսնանալ Քրիստինեի հետ և հայրություն անել նրա 4 երեխաներին` 18 և 15 տարեկան տղաներին, 14 և 12 տարեկան աղջիկներին: Սկեսրայրը, սակայն, խիստ դեմ է եղել այս հանգամանքին, մի քանի օր շարունակ վիճել են, և խնդրի լուծումը, փաստորեն, սկեսրայրը գտել է սպանության մեջ, այնուհետ էլ ինքնասպան եղել:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Վոլոդյա Սահակյանը որևէ հոգեկան խնդիր չի ունեցել: