19:54 . 25/06
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը՝ տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ:
Այցի շրջանակներում Ավստրիայի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները կմասնակցեն նաեւ Հայ-ավստրիական գործարար համաժողովին:
Մինչ Հայաստան կատարելիք այցն Ավստրիայի նախագահը բացառիկ հարցազրույց է տվել "Հայաստանի հանրապետություն" օրաթերթին: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շփման գծում հրադադարի խախտման վերջին դեպքերին, Ֆիշերը նշել է, որ Ավստրիան մեծապես մտահոգված է շփման գծում միջադեպերի տեւականությամբ: Իսկ դիպուկահարների հետ քաշումը եւ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներն անհրաժեշտ են հակամարտության կարգավորմանը մոտենալու համար: Հայնց Ֆիշերը նաեւ իր ափսոսանքն էր հայտնել, որ դադարեցված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ զույգ արձանագրությունների վավերացումը: