Ժամանակակից արվեստի թանգարանը տոնում է իր 40-ամյակը: Թանգարանը ստեղծման իսկ օրից տեսակով միակն էր ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ ողջ Արեւելյան Եվրոպայում: Նման թանգարան հիմնելու գաղափարը պատկանում էր արվեստի վարպետ Հենրիկ Իգիթյանին: Թանգարանի բացման գործում իրենց ներդրումն են ունեցել նաեւ Մարտիրոս Սարյանն ու Երվանդ Քոչարը:
Այն հիմնադրվեց մեծ դժվարությամբ, բայց ոչ մի օր չփակվեց եւ այսօր էլ ներկայացնում է ժամանակակից ստեղծագործողների արվեստը:
"Նույնիսկ "մոդեռն"` "ժամանակակից" բառը հակացուցված էր, տաբուի պես մի բան էր եւ մարդիկ վախենում էին այդ բառը արտաբերել։ Հենրիկ Իգիթյանը, ով շատ նկարիչ ընկերներ ուներ, շատ ոգեւորված էր, իր տանն էր ցուցադրում այդ նկարիչների ստեղծագործությունները",- պատմեց Արմենուհի Հարությունյան-Իգիթյանը։
Հենրիկ Իգիթյանի կինը` Արմենուհին հիշում է` ժամանակակից արվեստ ցուցադրելը խորհրդային տարիներին բավականին դժվար էր, նման թանգարան հիմնելն` էլ ավելի: Ժամանակակից արվեստի թանգարանի բացումը երկու, երեք անգամ հետաձգվեց: Կենտկոմից գալիս նայում էին, մերժում ու գնում:
"Հիմնադրվեց շատ մեծ դժվարություններով, իհարկե, նույնիսկ խոչնդոտում էին բացման արարողությունը: Այդ բացումը տեղի ունեցավ մոմի լույսի տակ: Մի խոսքով, այն բացվեց եւ կայացավ՝ շնորհիվ թե՛ Հենրիկ Իգիթյանի, թե՛ նրա արվեստասեր, արվեստակից ու արվեստագետ ընկերների",-ասաց տիկին Արմենուհին:
Տոնական տորթն արդեն թանգարանի 40-ամայկն է խորհրդանշում: 40 տարի առաջ` 1972-ին, առաջին ցուցադրության համար իրենց գործերը տրամադրեցին ժամանակի մեծ վարպետներ Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Հարություն Կալենցը, Մինասը: Հենրիկ Իգիթյանի առաջ բոլոր արվեստանոցների դռներն էին բաց. նա էր գնում ու ընտրում թանգարանի նկարները:
Այսօր Ժամանակակից արվեստի թանգարանը նոր գործեր գնելու հնարավորություն չունի եւ ֆոնդը համալրվում է նվիրատվությունների ճանապարհով: Նախորդ տարի այստեղ տեղի է ունեցել 13 ցուցադրություն, իսկ այս տարի բացման 40-ամյակին նվիրված ցուցադրությունն արդեն 9-րդն է:
"Այն ժամանակ ոչ մեկը չէր հավատում, որ այն կբացվի, որ կգոյատեւի, բայց բացվել է, գոյատեւել է եւ մինչեւ հիմա գործունեություն է ծավալում: Ի՞նչ նվաճումներ ունենք: Նախ, որ բացահայտվել են եւ ներգրավվել են լավ տաղանդավոր նկարիչներ: Թանգարանը միշտ ունեցել է լավագույնը, եւ մենք փորձում ենք Հենրիկ Իգիթյանից հետո պահել նրա գիծը, նրա ուղղությունը, տեսակետը",- ասաց Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենՆունե Ավետիսյանը։
Տոնական ցուցադրությանը ներկայացված են 80-ականների նկարիչների աշխատանքները: Առանձին հատվածում ցուցադրվում են նաեւ թանգարանի պատմությանը վերաբերող նյութեր: 1972-ին մոմի լույսերի ներքո հիմնադրված թանգարանն այսօր արդեն լուսավորվում է արվեստի նոր ու հետաքրքիր գործերով: Պետք է նշել, սակայն, որ փոքր ցուցասրահների պատճառով թանգարանի 2015 նմուշներից հնարավոր է ցուցադրել միայն 185-ը:
Ծննդյան տորթի մոմերը փչելուց առաջ երազանքը մեկն է` ունենալ Ժամանակակից արվեստի թանգարանին համապատասխան նոր ու ժամանակակից մի շենք: