13:29 . 02/06
"Ժառանգություն" կուսակցության 8-րդ` արտահերթ նիստը սկսվել է: "Արմենպրեսի" հաղորդմամբ` նիստին ներկա են 196 պատվիրակների կեսից ավելին: Համագումարում ընտրվեց 11 հոգուց բաղկացած հաշվիչ հանձնաժողովը: Համագումարին ներկա չեն "Ազատ դեմոկրատների" ներկայացուցիչները:
Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր երախտագիտությունը հայտնեց իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին:
"Մենք գնահատում ենք յուրաքանչյուր ձայն, որ տրվեց "Ժառանգության" օգտին: Մենք պարտք ենք թեկուզ մի ընտրողի առաջ, որ գնաց ընտրության` հավատալով նոր Հայաստանին",- նշեց Հովհաննիսյանը: Վերջինս նկատեց, որ "Ժառանգությունը", այդ թվում եւ ինքը` կուսակցության առաջնորդը, պարտական են հայ հանրության, քաղաքացիների եւ հատկապես երիտասարդների առջեւ: Հովհաննիսյանի խոսքով` իրենք պարտավոր են սեփական արժեքների համաձայն լինել ժողովրդի կողքին` խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս: Նաեւ անհրաժեշտ է, որ "Ժառանգությունը" դուրս գա ինքնահավան, կուսակցապաշտ ինքնագնահատականից:
Հովհաննիսյանը հայտնեց, որ ի սկզբանե կողմնակից էր չզբաղեցնել կուսակցության համամասնական ցուցակի առաջին տեղը` առաջ տանելով երիտասարդներին, անկուսակցական նոր դեմքերին, քանի որ դա է "Ժառանգության" տեսակը: Նրա խոսքով` սա ոչ թե հավաքական, այլ անձնական պատասխանատվության տիրույթ է:
"Եթե դրա կարիքը լինի` կուսակցության աշխատանքի համար, մենք պատրաստ ենք մեր տեղերը զիջել: Ներկա պահին ես այս որոշումը` իմ հարցը դնում եմ նորընտիր վարչության սեղանին",- նշեց "Ժառանգության" առաջնորդը:
Անկախ այդ որոշումից` իրենք միասին ոչ միայն "Ժառանգություն"-"Ազատ դեմոկրատներ" խառնարանի շնորհիվ, այլ նոր ուժերով մինչեւ աշուն պետք է ստեղծեն աննախադեպ եւ նորարար հասարակական-քաղաքական մի ուժ: