11:40 . 02/06
Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Վլադիմիր Պուտինը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության չեն հանգել սիրիական հարցի շուրջ:
Ելույթ ունենալով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ Օլանդը նշել է, որ անհրաժեշտ է նոր պատժամիջոցներ կիրառել Դամասկոսի նկատմամբ, իսկ Սիրիայում առաջընթացի դժվար է հասնել առանց նախագահ Բաշար Ասադի հեռանալու:
Մինչդեռ Վլադիմիր Պուտը նշել է, որ պատժամիջոցների հարցը պետք է միայն քննարկել ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդում՝ զերծ մնալով միակողմանի որոշումներից: Միեւնույն ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը Սիրիայում հատուկ հետաքրքրություններ չունի:
Սիրիական հարցը Ռուսաստանի նախագահը երեկ քննարկել է նաեւ Գերմանիայում՝ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Կողմերն արտահայտվել են հակամարտության քաղաքական կարգավորման օգտին:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքներ խորհուրդը երեկ կոչ է արել միջազգային անկախ հետաքննություն անցկացնել Հոուլա քաղաքում տեղի ունեցած սպանության առնչությամբ: Ընդդիմությանն ու իշխանությանը հարող զինված ուժերի միջեւ տեղի ուենցած բախումների զոհ էր դարձել ավելի քան 100 մարդ: Արեւմուտքը կատարվածի համար մեղադրում է Սիրիայի իշխանություններին, իսկ Դամասկոսը՝ զինված ընդդիմությանը: