18:49 . 01/06
Բազմաթիվ երեխաներ ու պատանիներ արդեն 23 տարի կրթվում են Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունում: Սկաուտական շարժման կարեւոր նպատակը պատրաստված եւ պատասխանատու քաղաքացի դաստիարակելն է: Հայաստանում սկաուտության վերահիմնադիրներից մեկը Վարդան Բախշյանն է: Այսօր նրա տարեդարձն է: 26 տարի առաջ Վարդանը զոհվեց Արցախում, բայց նրան բոլորս հիշում ենք։
1987-ի վերջերին պտվվող խոսակցությունների մեջ "Արցախ" անունն ավելի հաճախ էր հնչում. սկզբում կիսաձայն, հետո արդեն չէին լռեցնի: Ուսանողներն առաջիններից էին, որ շատ արագ զգացին այդ նուրբ շարժերն, ու Արցախի անկախության կոչերով դուրս ելան Երեւանի փողոցներ: Վարդան Բախշյանը նրանցից մեկն էր, թերեւս` առաջիններից մեկը: Նրան հավատում էին, վստահում:
Նույն վստահությամբ` Երեւանի հրապարակներից շատերը նրան հետեւեցին դեպի Արցախ` Խաչիկ գյուղ, Բերդաձոր, մինչեւ Վարդանի վերջին հանգրվանը` Հասանաբադ:
"Նա կարող էր գնալ, մեկ ամիս մնալ Ղարաբաղում, հետո արեւահարված մաշկով վերադառնար, բայց տրամադրությունը տեղը, որ կարողացել են ինչ-ինչ հարցեր լուծել: Երեւի 10 օր չէր անցնում, կարծես սիրտը նորից Լեռնային Ղարաբաղ էր ձգտում եւ նորից մեկնում էր",- հիշեց ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը։
Դասախոսները Վարդանի եւ մյուս ուսանող ազատամարտիկների մասին ասում են. երբ ընդունվեցին մայր բուհ, մեծ պատիվ էր իրենց համար, այսօր անուրանալի գործով բուհին են պատիվ բերում: Վարդանը նաեւ Հայաստանում սկաուտության վերահիմնադիրներից էր: Պատանիների համար նա կենդանի պատմություն էր, համարյա իդեալ, ում խոսքին անվերապահորեն հավատում էին, ում որոշումները չէին փորձում վիճարկել, ում ձգտում էին նմանվել:
"Շատ լավ հիշում եմ Վարդանի դասախոսությունները Խանասորի արշավանքի, Թեհլերյանի, Լիզբոնի 5-ի մասին: Էդ ժամանակ Վարդանն էնքան հպարտությամբ էր պատմում էդ տղերքի մասին, կարծես զգում էր, որ մի օր էլ իր հոգին պիտի միանա անմահացած տղերքի հեգիներին: Այսօր ես փորձում եմ իմ բոլոր սկաուտներին դաստիարակել էն հոգով, ինչպես Վարդանն էր դաստիարակում",- ասաց ՀՄԸՄ ՀԱՍԿ ընդհանուր խմբապետ Վիգեն Հովհաննիսյանը։
1991-ին Վարդանն Աթենքում էր` "Հայ մարմնակրթական ընդհանուր միության" պատգամավորական ժողովին: Ընկերոջը նամակ էր գրել. "Այսօրվա պարապ ու անհանգիստ վիճակովս զարհուրանքի մեջ եմ` կարո՞ղ ես երեւակայել` Գետաշենում կռիվ է, ուզում եմ գնալ, բայց դրանից զրկված եմ: Մարդ պիտի զբաղվի նրանով, ինչով ապրում է": Արցախ վերադառնալով` Վարդանը նորից գտավ ապրելու իմաստը:
Վարդանն այսօր կդառնար 47 տարեկան: Բայց արդեն 21 տարի հարազատներն ու ընկերներն այս օրը Եռաբլուր են գնում: 1991-ի դեկտեմբերի 19-ին Վարդանն ընդկավ Հասանաբադի համար մարտում: