Նվազագույն սպառողական բյուջե: Ի՞նչ է այն եւ ի՞նչ է ենթադրում: Այս հարցը տարիներ շարունակ քննարկվում է, բայց պետության վերաբերմունքն ակնհայտ բացասական է սպառողական զամբյուղ հաշվարկելու առումով: Եթե օրենքով այն հաշվարկված չէ, ապա կարելի է նվազագույն աշխատավարձ սահմանել այն, ինչ մենք ունենք այսօր: Ո՞ր պաշտոնյան կապրի 32 հազար 500 դրամով, պատասխանելու կարիք վստահաբար չկա:
Մաքուր եւ շատ կոկիկ հագնված 6-ամյա Էմմային եւ Քնարիկին նայելիս` մտքովդ չի անցնի, որ նրանք ապրում են Վարդաշեն 9-րդ փողոցի հանրակացարանի փոքրիկ ու մռայլ մի սենյակում: Նրանց մայրը՝ Թամարա Գրիգորյանը, ունի եւս երկու որդի: 6-հոգանոց ընտանիքի միակ եկամուտը 25 հազար դրամ նպաստն է: Թե ինչպե՞ս է բավականացնում այդ գումարն ամբողջ ամսվա համար, անգամ Թամարայի ծիծաղն է գալիս:
Թամարայի ընտանիքը մեկն է այն ընտանիքներից, որտեղ նվազագույն եկամուտը միայն նվազագույն ծախսերի համար էլ հերիքում է: Ո՞ր բժիշկը կարող է ասել, որ ամեն օր այն սնունդը, որ օգտագործում են Հայաստանի հազարավոր աղքատ ընտանքիներում, բավական է եթե ոչ առողջ ապրելու համար, ապա գոնե չհիվանդանալու համար:
Հայկական նվազագույն զամբյուղը յուրօրինակ է: Հաց, որ կազմում է նվազագույն եկամուտ ունեցող ընտանիքի նախաճաշի, ճաշի ու ընթրիքի ամենամեծ մասը, կարտոֆիլ, մակարոնեղեն, շաքարավազ: Յուրաքանչյուր բժիշկ կփաստի` սխալ սնունդ է. մսակեր հայերի համար ամենասիրելի մթերքը, սակայն, ըստ ուսումնասիրությունների, այդքան էլ հասանելի չէ: Ինչո՞ւ է այդպես. Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հարցը տարիներ առաջ են պարզել:
Եթե պետությունը հաշվարկեր սպառողական զամբյուղը որն, ի դեպ, միայն սնունդը չէ, եւ կոչվում է նվազագույն կենսաապահովման բյուջե, ուրեմն եւ պարտավոր կլիներ հաշվարկել, որ այսօրվա նպաստները, կենսաթոշակներն ու նվազագույն աշպատավարձը կրկնակի պակաս են զամբյուղի տարողությունից: Իսկ եթե այն չի հաշվարկվում, ուրեմն ապրեք՝ ինչպես կարող եք:
"Նվազագույն սպառողական բյուջեն պետք է համապատասխանի աշխատավարձերին, նպաստներին ու կենսաթոշակներին: Հարցը քննվեց նաեւ անցյալ տարվա նոյեմբերին: Եթե առաջարկն ընդունվեր, ապա 2012 թվականին նվազագույն աշխատավարձը պետք է դառնար 63 հազար դրամ: Առաջարկվում էր յուրաքանչյուր տարի, նվազագույն աշխատավարձերը սահմանելիս, նկատի ունենալ եղած գնաճը: Ընդ որում, այս օրենսդրական նախաձեռնության համաձայն, նվազագույն աշխատավարձն այլեւս չպետք է հարկվեր",- ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամԱրծվիկ Մինասյանը։
Սիրտ-անոթային հիվանդություններ, քաղցկեղ, շաքարային դիաբետ. սրանք հիվանդություններ են, որոնք մարտահրավեր են դարձել ամբողջ աշխարհի համար: Հիվանդություններ, որոնց առաջացման պատճառների մեջ բժիշկները շեշտում են` վատ ու անառողջ սնունդ: Ու եթե հարցը դիտարկենք թեկուզ միայն այս տեսանկյունից, սպառողական զամբյուղի այս տարողությունը դառնում է ոչ միայն սոցիալական ու առողջապահական, այլեւ` ազգային անվտանգության խնդիր: