18:07 . 31/05
Իռլանդիայի քաղաքացիներն "այո", թե՞ "ոչ" կասեն Եվրամիության բյուջետային փաթեթին, հայտնի կլինի վաղը: Բրյուսելում Եվրամիության 27 երկրներից 25-ի առաջնորդների մասնակցությամբ ստորագրված այս փաստաթուղթը կոչված է նոր եւ հուսալի հիմք դնել եվրոգոտու ֆինանսական ու բանկային շուկաների եւ ամբողջ կառույցի ներսում` հետագայում պարտքային ներկա ճգնաժամի կրկնությունից խուսափելու համար:
Իսկ Իռլանդիան Եվրամիության միակ երկիրն է, որտեղ փաթեթի վավերացման հարցը դրվել է հանրաքվեի: Ընդունման դեպքում Դուբլինը կստանձնի բյուջեի պակասորդի խիստ վերահսկողության պարտավորություններ: Եթե իռլանդացիների մեծ մասը "ոչ" ասի, ապա երկիրը կդադարի ստանալ Եվրամիության ֆինանսական օգնությունը 2013 թվականին, վարկերի վերաբերյալ պայմանագրի գործողության ավարտից հետո:
Պակտի ընդունմանը դեմ է "Շինն Ֆեյն" կուսակցության առաջնորդ Ջերի Ադամսը: Նա կոչ է արել քաղաքացիներին պաշտպանել իրենց ազգային շահերը: Մինչդեռ երկրի վարչապետ Էնդա Քեննին կողմ է արտահայտվել` հորդորելով ոչ միայն Եվրամիությանը, այլեւ ամբողջ աշխարհին ազդանշան ուղարկել, որ փոքր Իռլանդիան գիտի, թե ո՞րն է ճիշտ ճանապարհը:
Սակայն եթե անգամ Իռլանդացիները մերժեն բյուջետային փաթեթը, այն, այնուամենայնիվ, ուժի մեջ կմտնի, հենց որ եվրոգոտու 12 անդամ պետությունները տան իրենց համաձայնությունը: