Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում ընդդիմության եւ Բաշար Ասադի կառավարության միջեւ հակամարտության խորացման համար: Մեղադրանքը հաջորդել է այդ բանին, երբ Ռուսաստանը եւ Չինաստանը եւս մեկ անգամ հաստատակամություն են հայտնել Սիրիայի հարցում. վետոն փոփոխության ենթակա չէ:
Իսկ սիրիական, այսպես կոչված, ազատ բանակի ապստամբ գրոհայինները Բաշար Ասադի կառավարությանը 48 ժամվա վերջնաժամկետ են ներկայացրել` Քոֆի Անանի ծրագրի իրականացման համար: Դամասկոսին վերջնաժամկետ է ներկայացվել համացանցում հրապարակված տեսագրության միջոցով: Տեսագրության մեջ Քասիմ Սադեդին, ով ներկայանում է որպես Սիրիական ազատ բանակի սպա, ասում է, որ կառավարությունը մինչեւ ուրբաթ բոլոր ուժերը` տանկերը եւ հրետանին, պետք է դուրս բերի սիրիական քաղաքներից եւ գյուղերից: Հակառակ դեպքում ապստամբները հայտարարում են, որ իրենց բանակն Անանի ծրագրով իրեն պարտավորված չի համարի եւ կսկսի պաշտպանել խաղաղ բնակչությանը:
Դամասկոսին հերթական նախազգուշացումն է ուղղել նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը: Եթե Սիրիայի կառավարությունը չկատարի Անանի վեց կետից կազմված խաղաղության ծրագիրը, մասնավորապես` դադարեցնի հարձակումները սիրիական քաղաքներում, դուրս բերի զորքերը եւ բանակցի ընդդիմության հետ` իշխանության փոխանցման շուրջ, այլընտրանք չի մնում` հստակ քայլերի պետք է դիմել:
"Թե՛ Անվտանգության խորհրդի անդամներին եւ թե՛ միջազգային հանրությանն իրավիճակը բարելավելու համար մի ելք է մնում` գործել` շրջանցելով Անանի խաղաղության ծրագիրը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը",- ասել է Սյուզան Ռայսը։
Թե ինչ գործողությունների մասին է խոսքը, Ռայսը չի մանրամասնել: Սակայն արդեն ինքնին պարզ է: Նախկինում, ինչպես Կոսովոյի ու Իրաքի դեպքում էր, ԱՄՆ ռազմական միջամտության էր դիմել, որը լիազորված էր ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, այլ ՆԱՏՕ-ի կողմից: Իր ելույթում Սյուզան Ռայսը մեղադրել է նաեւ Իրանին` սիրիական կառավարական ուժերին զենք տրամադրելու համար:
Եւս մեկ կարեւոր հանգամանք: Ամերիկացի վելուծաբան դոկտոր Վեբստեր Թարփլին՝ համաձայնելով մինչ այդ մի շարք քաղաքագետների ու տեղի բնակչության արտահայտած կարծիքների հետ, արտահայտել է իր տեսակետը. Սիրիայի Հոուլա քաղաքում տեղի ունեցած ջարդը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի կողմից: Ըստ վերլուծաբանի՝ երկիր են մուտք գործել մեծ թվով զինված ռազմիկներ ՆԱՏՕ անդամ երկրներից, որոնք իրականացրել են հարձակումներ տեղի բնակչության, ինչպես նաեւ հայ քրիստոնյաների, կաթոլիկների ու այլոց դեմ՝ պաշտոնական Սիրիային մեղադրելու նկատառումով: Դրանք նույն մեթոդներն են, որոնք նացիստական Գերմանիան օգտագործել է Գլեյվից կայանում՝ Լեհաստանի սահմանին՝ մեղադրելով Լեհաստանին հարձակման մեջ: Իսկ ջարդը չափազանց ակնհայտ էր՝ իշխանական զորքերի կողմից կատարված լինելու համար: Անհավանական է, որ իշխանական զորքերը մուտք գործեին քաղաք, կրակ բացեին հիվանդանոցի ու խաղաղ թաղամասերի վրա, իսկ այնուհետ հետ քաշվեին՝ թույլ տալով լրատվամիջոցներին մուտք գործել տարածք ու ականատես լինել հարյուրից ավել սպանվածների:
Թարփլին համոզված է՝ իրագործվեց նրանց նպատակը. հիստերիա ստեղծվեց համաշխարհային մամուլում, իսկ սպանդի միակ մեղավորը համարվեց Բաշար ալ-Ասադը: Ավելին՝ փաստերը ներկայացվեցին խեղաթյուրված: BBC News-ի կայքը սիրիական Հուլայի սպանությունների մասին տեղեկատվությունը լուսաբանելիս՝ օգտագործել էր 2003 թ-ին Իրաքում արված լուսանկար՝ սպանված երեխաների տեսարանով: