14:15 . 31/05
Ազգային ժողովի վաղվա նիստին "Հայ ազգային կոնգրեսի" խմբակցությունը կմասնակցի, իսկ "Ժառանգության" խմբակցությունը` ոչ: Առավել ճշգրիտ` այս խմբակցության այն պատգամավորները, ովքեր ներկայացնում են "Ազատ դեմոկրատներ" կուսակցությունը` Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, միայն վաղն առավոտյան կորոշեն` մասնակցե՞լ նիստին, թե՞ ոչ:
Իսկ "Ժառանգություն" կուսակցության պատգամավորների` Րաֆֆի Հովհաննիսյանի, Զարուհի Փսստանջյանի եւ Ռուբեն Հակոբյանի պատգամավորական վկայականները դեռեւս Կենտրոնական ընտրական հանձնաժողովում են: Կուսակցությունում որոշել են, որ դրանք կվերցնեն հունիսի 2-ի համագումարից հետո: Այս համագումարի ընթացքում, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` մայիսի 15-ի հայտարարության, կներկայացվի պետության վիճակի հանգամանալից գնահատականը:
"Հնարավո՞ր է, որ համագումարի արդյունքում փոփոխվեն "Ժառանգության"՚` խորհրդարան գնացող պատգամավորության թեկնածուները". մեր այս հարցին "Ժառանգության" մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ բոլոր պատասխանները կտրվեն միայն հունիսի 2-ին: