Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը տոնեց յուրովի՝ մատաղ սերնդին ներկայացնելով սեփական պատմության կարեւոր այդ էջը:
Քաղաքի Հայ առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի սաների եւ համայնքի ավագ ներկայացուցիչների համար Ս. Կատարինե եկեղեցու “Վերնատուն” մշակութային կենտրոնում պատմական կարճ ակնարկով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ուսանող Վարուժան Գեղամյանը:
"Հայաստանի Առաջին Հանրապետության մասին պատմությունը եւ այդ օրերին կատարվածը Հայաստանում թերեւս իր առանցքային նշանակությունն ունի եւ բնականաբար, երեխաների համար կարեւոր է, որ իմանան այդ պատմության մասին, ինչպես կիմանան հայոց գրերի մասին, որովհետեւ Առաջին Հանրապետությունը, փաստորեն, տեւական դադարից հետո հայկական լեռնաշխարհում անկախ պետականության հիմնադրման առաջին փորձն էր, որը ըստ էության հիմք տվեց նաեւ նոր՝ երկրորդ եւ երրորդ հանրապետության",- ասաց Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ուսանող Վարուժան Գեղամյանը։
Առաջին Հանրապետության ծննդյան եւ կարճատեւ գոյատեւման դժվարին ու հերոսական օրերի մասին խոսեց նաեւ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի Գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը:
"Այդ պայքարը` Սարդարապատի ճակատամարտը եւ առաջին հանրապետության կայացումը հնարավոր էր մի ժողովրդի պարագայում, որն ուներ մշակույթ, որն ուներ այդպիսի հզոր լեզու, որն ուներ կրթված ազգային առաջնորդներ, քաղաքական գործիչներ եւ կարողացավ դրա շնորհիվ, չնայած տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական ծանրագույն վիճակին, վերընձյուղել մեր պետականությունը եւ ստեղծել առաջին հանրապետություն",- ասաց Վարդան Հակոբյանը։
Սանկտ-Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի տնօրեն Ռուզաննա Կուրղինյանը կարեւորում է սփյուռքում դաստիարակվող եւ հաճախ արդեն հայրենիքից դուրս ծնված երեխաներին Հայոց պատմության ճշմարտացի ներկայացումը:
"Հիմա ամեն ձեւով ե՛ւ հարեւան ազգերը, ե՛ւ ընդհանրապես, խեղաթյուրում են պատմությունը: Ճիշտ մատուցելը հետագա շատ թյուրիմացություններից կփրկի մեր երեխաներին",- ասաց նա:
Պատմական այդ կարեւոր իրադարձությանն էր նվիրված նաեւ սիմֆոնիկ երաժշտության համերգը, որով նախօրեին հանդես էր եկել Հայ առաքելական եկեղեցու մշակութային կենտրոնին կից ստեղծված Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը՝ Միհրան Աղաջանյանի գլխավորությամբ: