12:21 . 28/05
Ստեփանակերտ կատարած այցից հետո, Ֆրանսիայի Սենատի պատգամավորներ Սոֆի Ժուասենը, Ֆիլիպ Մարինին ու Բեռնար Ֆուրնյեն մինչ Երեւան կհասնեին, նրանց համար ապագայում ցանկացած պարագայում արդեն փակվեց Բաքվի ճանապարհը։
Արցախ այցելելու համար "պերսոնա նոն գրատա" հայտարարելու Ադրբեջանի որոշումը ֆրանսիացի խորհրդարանականների համար անկակնկալ չէր ու ոչ այնքան անհանգստացնող։ Նրան պարզաբանում են, որ արձագանքել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հրավերին, եւ հաշվի առնելով ՝ Ֆրանսիայի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը լինելու հանգամանքը, որոշել են սեփական աչքերով տեսնել, թե ինչ է այնտեղ կատարվում ։
"Ինչպես գիտենք, այդ տարածքը փակ չէ, եւ բազմաթիվ այլ խորհրդարանական պատվիրակություններ եղել են այստեղ մեզնից առաջ, եւ մեր կարծիքով` Ֆրանսիայի Սենատը նույնպես կարող է դրա մասը լինել եւ անձամբ տեսնել, թե ինչ է այնտեղ կատարվում",- սա ֆրանսիացի սենատորի պատասխանն է` արդեն Երեւանում կայացած ճեպազրույցի ընթացքում։
Իսկ մինչ այդ, Արցախում նրանք հանդիպումներ են ունեցել ԼՂՀ ղեկավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ու տպավորությունները շատ ազդեցիկ են։
"Մենք ուրախ էինք այդ երկրում տեսնել մի ժողովուրդ, որը շատ համարձակ է եւ նվիրված ժողովրդավարական արժեքներին, եւ աշխատում է, չնայած դժվար պայմաններին: Հայկական բնակչությունն այդ տարածքներում բնակվում է դարեր շարունակ, եւ այդ երկրի ժողովուրդը կանի ամեն ինչ, որպեսզի երկիրն ապրի խաղաղության մեջ, լինի նույնքան ներդաշնակ, որքան մինչ այդ",- սենատոր Ժուասենի կարծիքն է:
Սենատորների այցն Արցախ բարձր է գնահատել նաեւ ՀՀ նախագահը, երբ նրանց ընդունել են արդեն Բաղրամյան 26-ում։ Հանրապետության ղեկավարի համոզմամբ, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման կարեւորագույն նախապայմաններից է միջազգային հանրության անաչառ եւ համակողմանի տեղեկացվածությունը հիմնախնդրին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ խորհրդարանական մակարդակով բազմաթիվ այցելությունները նպաստում են միջազգային հանրության շրջանում այն պատկերացումների ամրապնդմանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն էլ, աշխարհի մյուս ժողովուրդների նման, իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, սեփական երկրում ազատ եւ անվտանգ ապրելու:
Սենատորներն իրենց հերթին նշել են, որ այցն Արցախ բավականաչափ օգտակար է եղել. այժմ իրենք մանրամասնորեն տիրապետում են ԼՂ հակամարտության պատմությանը եւ հետեւելով կարգավորման բանակցային գործընթացին՝ ողջունում են Հայաստանի կառուցողական մոտեցումը:
Երեւանում սենատորները նախ եւ առաջ եղել են Ծիծեռնակաբերդում, հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանք համոզված են, որ իրենց երկում կընդունվի Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը հետամուտ կլինի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:
Նրանց տպարվոությունները հետագայում արդեն քաղաքական ելույթների են վերածվելու ֆրանսիական խորհդարանում։