17:33 . 26/05
"Հայաստանի Հանրապետական կուսակցությունը" հարգում է իր գործընկերների որոշումը եւ նրանց հետ համագործակցելու շարունակականության մասին համոզմունք է հայտնում: "Արմենպրեսի" հաղորդմամբ, պատասխանելով լրագրողի` "Բարգավաճ Հայաստան" կուսակցության հետ հետագա համագործակցությանը վերաբերող հարցին, մայիսի 26-ին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Իսկ թե խորհրդարանում ԲՀԿ-ն ինչպիսի՞ ընդդիմություն կլինի, գործադիրի ղեկավարը պատասխանեց.- "Ո՞վ ասաց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է լինելու":
Քաղաքաշինության նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանն էլ անդրադառնալով նույն հարցին, նշեց, որ ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Նա նաեւ ընդգծեց, որ չի ափսոսա նախարարական պորտֆելը վայր դնելու համար:
"Ամեն ինչ ունի եւ սկիզբ, եւ վերջ",- ասաց նա` ավելացնելով, որ դեռ չի որոշել` ինչով է զբաղվելու:
Տիգրան Սարգսյանը, խոսելով ճյուղային արդյունաբերության զարգացման մասին, նշեց, որ արդեն սկսվել է այդ ծրագիրը, որն իր մեջ ներառում է տասնմեկ ոլորտներ, որոնցից առաջին երեքի վերաբերյալ մասնավոր հատվածի հետ ստորագրվել են համաձայնագրեր: Իսկ առաջիկայում կմշակվեն մյուս ոլորտների ծրագրերն ու կներկայացվեն հասարակությանը: