19:12 . 24/05
"Բարգավաճ Հայաստան" խմբակցությունն Ազգային ժողովում կունենա մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններ. այս հարցը կարգավորվում է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով, համաձայն որի, խորհրդարանական պաշտոնները բաշխելիս՝ հաշվի է առնվում խմբակցության անդամների քանակը:
Կոալիցիոն կառավարություն ձեւավորելուց ԲՀԿ-ն հրաժարվեց, այսինքն, մաս չի կազմի երկրի կառավարությանը, հետեւաբար, դարձյալ ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, համարվում է ընդդիմադիր: Ինչպես են քաղաքական ուժերն արձագանքում ԲՀԿ-ի մուտքին ընդդիմադիր դաշտ:
ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու մասին հայտարարության լուրը լսելուց անմիջապես առաջ "Ժառանգությունից" Ստեփան Սաֆարյանը ենթադրում էր, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմելու: Հայտարարությանը տեղեկանալուց հետո էլ Սաֆարյանը մնաց անդրդվելի։
"Միեւնույն է` ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, թե՝ ոչ, իր դիրքը քաղաքական դաշտում փոխելու հնարավորություն չունի",- ասաց նա:
Ըստ Սաֆարյանի, ընդդիմադիր դաշտ տեղափոխվելը ԲՀԿ-ի համար ռիսկեր է պարունակում։ ԲՀԿ-ին փորձություններ են սպասվում, եւ դրանք կարող են լինել ե՛ւ ներկուսակցական զարգացումների, ե՛ւ ընտրազանգվածի առումով.
"Այն ընտրազանգվածը, որն ընտրեց ԲՀԿ-ին, ԲՀԿ-ինը չէր, եւ դա չի պահպանվի: Սա ՀՀԿ-ին ընդդիմադիր ընտրազանգվածն էր, որը չի մնալու ԲՀԿ-ին",- ասաց Սաֆարյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գնահատմամբ` քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվում, եւ սա է կարեւորը։
"Ազգային ժողովում մեծանում են ընդդիմության հնարավորությունները` իշխանություններին հակակշռելու եւ զսպելու առումով: Մնացածը, թե ինչպես կգործի ԲՀԿ-ն, ոճի եւ մարտավարության խնդիր է, ու կերեւա հետագայում",- ասաց Ռուստամյանը:
Մտներ ԲՀԿ-ն կոալիցիա, առաջիկա նախագահական ընտրություններում պիտի պաշտպաներ նախագահության միասնական թեկնածուին, մինչդեռ այս դեպքում նախագահական ընտրությունների շեմին առաջ են գալու մրցակցային եւ այլընտրանքային տարբերակներ:
"Սա, բնականաբար, ձեռնտու չէ ՀՀԿ-ին, որովհետեւ եթե հանդես գային միասնական թեկնածուով, պիտի հայտարարեին, թե ընտրողների 80% ձայներն արդեն ունեն: Այս դեպքում՝ առանց ԲՀԿ-ի եւ միայն ՕԵԿ-ի հետ, 50% ձայն հազիվ են ունենում, իսկ եթե հաշվի առնենք նաեւ մեծամասնականը, վիճակը լրիվ փոխվում է",- ասաց Արմեն Ռուստամյանը։
Խորհրդարանում ՀՅԴ-ն ԲՀԿ-ի հետ կհամագործակցի, իսկ համագործակցության այլ տարբերակները կքննարկվեն առաջիկայում: ԲՀԿ-ի հնգամյա գործընկեր ՀՀԿ-ն, բնականաբար, այս պահին համագործակցության մասին չի խոսում: Առանց ԲՀԿ-ի` առաջիկա անելիքները եւս մեկ անգամ ճշտելու կարիք չունի։ aravot.am-ին Գալուստ Սահակյանն ասել է, որ իրենց անելիքները վաղուց են որոշված: Հարցին էլ, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ի նկատմամբ վարչական ճնշումներ կիրառվեն, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է.- "Մոռացեք. ՀՀԿ-ն ճնշումներ չի գործադրել ոչ մի քաղաքական ուժի նկատմամբ":