Մայիսի 6-ին թիվ 22 ընտրատարածքում հաղթել է հանրապետական Մանվել Բադեյանը: Նա պատգամավոր է 1999 թվականից: Հենց 1999-ին է Բադեյանն ընտրություններին մասնակցել մեծամասնական ընտրակարգով եւ պարտվել Հրանուշ Հակոբյանին: Դրանից հետո եւ 2003-ին, եւ 2007-ին Մանվել Բադեյանը պատգամավոր է դարձել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով: 13-ամյա ընդմիջումից հետո մեծամասնականով վերջապես հաղթելու փաստն էլ, թերեւս, գլխապտույտ է առաջ բերել ՀՀԿ-ական պատգամավորի մոտ, եւ նա այսօր քաղաքական իրողությունների եւ ուժերի մասին խոսել է` դրանք համեմատելով շների հետ:
"Ազատ դեմոկրատներ" կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով` "Հանրապետականը" չի հաղթահարել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները եւ այսօր դարձել է մեծամասնություն` չունենալով հանրային աջակցություն:
"Ինձ հետաքրքիր է` կարող է ՀՀԿ-ն լուծել այսօր երկրում եղած բազմաթիվ պրոբլեմներն` առանց հանրային աջակցության",- ասում է "Ազատ դեմոկրատներ" կուսակցության փոխնախագահԱնուշ Սեդրակյանը:
ՀՀԿ-ի հաղթանակը Անուշ Սեդրակյանին "պյուռոսյան հաղթանակ" է հիշեցնում: Բացատրում է` երբ հաղթանակում ես ու չես հասկանում, թե ինչ խնդիրների առաջ կարող ես կանգնել:
Հանրապետական Մանվել Բադեյանը հավատացնում է, թե ՀՀԿ-ն գիտի խնդիրների մասին, կլուծի թե ոչ` կյանքը ցույց կտա: Ամեն դեպքում. "Իմ խորին համոզմամբ` որեւէ այլ ուժ չկա, որ ի զորու լինի ավելին անել",- նշում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը:
Ձայները, որ ստացավ "Հանրապետականը" մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում, ըստ Բադեյանի, ապացուցում են, որ ՀՀԿ-ն վայելում է հանրության աջակցությունը: Ասում է, թե այդ ընտրությունները մեր ընտրական մշակույթի նոր էջ բացեցին, դրա համար էլ բոլորը բարձր են գնահատում դրանք, բացի ընդդիմությունից, որը ցանկացած ընտրության արդյունքում ունենալու է 0-ին մոտ ձայներ:
Քիչ ձայներ հավաքած կուսակցություններին Բադեյանը մեկ էլ անդրադարձավ, երբ հարցրեցին, թե ինչ կանի ՀՀԿ-ն, եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն եւ նրան միանան նաեւ այս կուսակցությունները:
"Ինչ է եղել որ: Էդ տեսակի շներին թվում ա, թե իրենք մեծ շուն են, ու իրենց ցույց տալու համար իրենց անընդհատ փորձանքի մեջ են գցում: Պառոդը չեմ հիշում: -Բա ՀՀԿ-ն ինչ շուն ա: -Մեծ", ասում է Մանվել Բադեյան:
Իր զրուցակից "Ազատ դեմոկրատների" փոխնախագահ Անուշ Սեդրակյանին էլ Բադեյանը խորհուրդ տվեց իրենց ՀՀԿ-ի հետ նույն նժարի վրա չդնել: Ինչին ի պատասխան Սեդրակյանը, թե` "Քավ լիցի: Ոչ ոք նույն նժարին չի դնում: ՀՀԿ-ի նժարը շատ վտանգավոր է:
ԲՀԿ-ի հետ կոալիցիա ձեւավորելու հարցը ՀՀԿ-ում դեռ քննարկված չէ: Բադեյանը կոալիցիային դեմ է, բայց կուսակցական որոշումը կայացվելու է խորհրդի նիստում: Ինչ են որոշել "Ժառանգությունում" խմբակցության կազմի հետ կապված, Անուշ Սեդրակյանն ասաց` նորություն դեռ չկա, հստակ է "Ազատ դեմոկրատների" որոշումը.
"Եվ Խաչիկ Քոքոբելյանը, եւ Ալեքսանդր Արզումանյանը գնալու են խորհրդարան":
"Մտավորականը, որը գիտակցաբար վարձվում է ծառայելու պլեբեյական իշխանությանը, ավելի նողկալի է, քան այդ իշխանությունը: Գրոշի արժեք չունեն այն դատողությունները, թե մտավորականն իր աջակցությամբ կամ իշխանության մեջ լինելով ազնվացնում է այդ իշխանությունը, ուղղում նրա սխալները եւ այլն: Ո'չ, նա պարզապես արհեստականորեն երկարացնում է այդ իշխանության կյանքը: Անշուշտ, գողացված գաթայի մասնաբաժնի դիմաց",- նշել է Վահան Հովհաննիսյանը:
"Հանրապետական" պատգամավորի այս "համեմատությանն" անդրադառնալ եւ առհասարակ նրա հետ բանավեճի մեջ մտնել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում չցանկացավ: "Բագաժի" տարբերությունը շատ մեծ է",- ընդգծեց նա եւ Բադեյանին խորհուրդ տվեց կարդալ իր` "Ավելի նողկալի, քան պլեբեյական իշխանությունը" միտքը: