19:05 . 26/06
Հայաստան- Ավստրիա միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ առաջին անգամ պաշտոնական այցով մեր երկրում է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը: Մեր երկրի մասին Ավստրիայի նախագահը լսել է դեռ մանկուց, երբ կարդացել է Ֆրանց Վերֆելի "Մուսա լեռան 40 օրը" գիրքը: Իսկ բոլորովին վերջերս գնել է նաեւ հայոց պատմության մասին գիրքը՝ մեր երկրի պատմությանն առավել լավ ծանոթանալու համար:
"Եթե ավստրիացիները հայտնի են որպես լավ դահուկորդներ, ապա հայերն ամենալավ շախմատիստներն են: Այսպիսով, ոչ ոքի է ստացվում",- Ավստիրայի նախագահն է այսպես արդեն կարեւորում հյուրընկալ Հայաստանին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում։
Միջազգային բազում կառույցներ, այդ թվում ԵԱՀԿ-ն սեփական երկրում հյուրընկալած Ավստրիայի նախագահի հետ համատեղ հայտարարությունների շարքում Ղարաբաղյան խնդիրն առանձնակի կարեւորություն էր ստացել։ Մինչ Հայաստան ժամանելը, Հայնց Ֆիշերը դեռ Վիեննայում կարեւորել էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, այդ խնդրում Մինսկի խմբի դերն ու կոչ արել ղարաբաղա-ադրբեջանական սահմանից հետ քաշել դիպուկահարներին։ Նույնը նա կրկնեց արդեն Հյասատանում։
"Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, միայն ասեմ, որ ԼՂ հակամարտությունը շատ բարդ խնդիր է: Ես ծանոթ եմ խնդրի վերաբերյալ կողմերի տեսակետներին: Ադրբեջանական կողմի տեսակետը լսել եմ շուրջ կես տարի առաջ, տեղյակ եմ նաեւ Թուրքիայի նախագահ Գյուլի կարծիքին, եւ ահա, ծանոթացա նաեւ Հայաստանի դիրքորոշմանն այս հարցում: Եվ ես հարյուր տոկոսով պաշտպանում եմ այն սկզբունքը, որ այսպիսի խնդիրների դեպքում հարցը չի կարող լուծվել բռնության, ուժի տեսանկյունից: Հարկ է, որ դիպուկահարները սահմանամերձ տարածքից հետ քաշվեն եւ մենք հույս ունենք, որ Մինսկի խումբը կշարունակի իր ջանքերն այդ ուղղությամբ` համանախագահող երկրներն այդ ներուժն ունեն",- ասաց նա:
Հայաստանի նախագահը սահմանային անկայունության եւ բանակցությունների ձգձգման մեղքը բարդեց Ադրբեջանի վրա՝ դա պայմանավորելով Բաքվի առավելապաշտական դիրքորոշմամբ եւ խնդրի կարգավորման երեք սկզբունքներից միայն մեկի ընդունմամբ:
"Խոսքով համաձայն լինելով այս երեք սկզբունքների հետ` իրականում Ադրբեջանն ընդունում է ընդամենը մեկը` պետության տարածքային ամբողջականության սկզբունքը, բացառելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ խնդիրների խաղաղ կարգավորման սկզբունքը: Երբ կարողանանք այս սկզբունքներն իրականում ընդունել, այն ժամանակ խնդիրը կկարգավորվի",- ասաց Սերժ Սարգսյանը:
Ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը Հայաստանն այլընտրանք չի տեսնում, Սարգսյանը նշեց, թե, ցավոք, Ադրբեջանն իր քայլերով լարում է իրավիճակը:
"Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը` վերջին մեկ տարվա ընթացքում ռազմատենչ հայտարարություններ եւ չհիմնավորված ինքնավստահությունը լարվածություն են առաջացնում ինչպես շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի վրա, եւ պատահական չէր, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում այդ սադրանքների ընթացքում զոհվեցին երիտասարդներ, եւ իրավիճակը լարվեց",- ասաց ՀՀ նախագահը:
Հայ-ադրբեջանական թնջուկից զատ, մեր երկրի եւ Ավստրիայի ղեկավարները դեռ բազում քննարկելիք հարցեր ունեին։ Առանձնազրույցին հաջորդել են ընդլայնված կազմով պատվիրակությունների բանակցությունները։ Դրանց հանրագումարն արդեն գործարար համաժողովն է ամփոփում։
Իսկ մինչ այդ, Ավստրիայի նախագահը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շտապել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆիշերը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, այցելել է Ցեղասպանության թանգարան, գրառումներ թողել հուշամատյանում, խնչպես նաեւ Հիշողության պուրակում իր տիկնոջ` Մարգիթ Ֆիշերի հետ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին եղեւնի տնկել։