17:19 . 21/06
Արցախյան ազատամարտը բժիշկների համար բացահայտեց նոր իրողություններ: Պատերազմում մարտիկներից հետո բժիշկներն էին իրենց ուսերին կրում մարտական գործողությունների ծանրությունը: Աղքատիկ կահավորմամբ հիվանդանոցներում ու բուժկետերում, հաճախ վրանների տակ, մեր բժիշկները կատարում էին բարդագույն վիրահատություններ, դիրքերից հազիվ 1-2 կմ հեռվում, պայթող արկերի ու ցնցումների մեջ վիրահատական դանակը ձեռքին օր ու գիշեր կյանքեր էին փրկում: Հայ բժիշկներից շատերն այդ օրերին եւ' մարտիկ էին, եւ' բժիշկ: Արցախ Բունիաթյան, Տարոն Տոնոյան, Սերգեյ Սեինյան, Ռեբեկա Հակոբյան եւ ուրիշներ. նրանք այսօր էլ շարունակում են իրենց մասնագիտական պարտքը կատարել:
"Ծննդատունը բազմիցս ռմբակոծվել է, բայց դիմակայել ենք. թե հավատ ունեինք մեր տղաների նկատմամբ, թե հավատ ունեինք մեր հողի նկատմամբ, դիմակայել ենք, փառք Աստծո: Նվիրումով ենք աշխատել, ոնց որ ամեն մեկն իր հարազատի հետ, որ գոնե պատերազմի տարիներին ինքը հոգատարության պակաս չզգա",- ասում է ավագ բուժքույր Ռեբեկա Հակոբյանը:
Աբովյանցի բժիշկ Արցախ Բունիաթյանի կյանքը Քաշաթաղի հետ կապված է ազատագրման օրից։ Շատերը նրան այստեղ "Հաղթանակի ոգի" են անվանում: Ասում են` Քաշաթաղի հիվանդանոցի միջանցքում կախված էր հայկական անունների ցուցակ: Մայրերը փոքրիկի անունը պետք է այդ ցուցակից ընտրեն. այսպես էր որոշել գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը: Իր հիվանդանոցում արգելել էր հղիության արհեստական ընդհատումը. "Տարեկան մոտ 120 ծնունդ ունենք",- հպարտանում էր բժիշկը: Արցախի անկախության մասին խոսում է հպարտությամբ, միաժամանակ, տագնապով ավելացնում է. "Այն պահպանել է պետք, սնել":
"Մարդիկ, որ եկել են այստեղ, հերոսներ են եղել: Սկզբում նրանց կենցաղային արտոնություններ են տվել, այսօր դա էլ չունեն: Վերաբերմունքն այնպիսին է Արցախի մյուս շրջանների նկատմամբ: 18 հազարից 5-6 հազարն է մնացել",- նշում է Արցախ Բունիաթյանը:
Արցախում անցկացրած տարիների մասին բժիշկ Տոնոյանը լռում է: Կյանքի բերումով ռազմական բժիշկ դարձած Տարոն Տոնոյանի նվիրվածության արդյունքն եղան Հադրութի եւ Ֆիզուլիի ռազմական հոսպիտալները, որոնց ստեղծման ակունքներում մյուսների կողքին նաեւ ինքն է:
"Մենք երբեք չենք մոռանա մեր նահատակ ընկերներին եւ նրանց հիշատակը պետք է գործով, ամենօրյա աշխատանքով ապացուցենք, որ նրանք մոռացված չեն եւ մենք պատրաստ ենք ամեն ինչ ներդնել մեր հաղթանակն ավելի ամրապնդելու եւ խաղաղությունը հավերժական դարձնելու համար",- ասում է "Երեւան" բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանը:
Բժիշկներից ոմանք զոհվեցին` վիրավորի կյանքը փրկելու ժամանակ: Երկու ճակատով պայքարում էին նաեւ "Նիկոլ Դուման" կամավորական ջոկատի տղաները, որոնց մեծ մասը Բժշկական համալսարանի ուսանողներ էին: Նրանցից Արմեն Ղունյանը զոհվեց Շուշիի ազատագրման հաջորդ օրը` Ասկերանի ուղղությամբ թշնամու խելագար հարձակումը կասեցնելիս, Վահե Բաղդասարյանը` 1993-ին Տոնաշենն ազատագրելիս, իսկ Մուրադ Մուրադյանը` Տավուշի հենակետերում ծառայողական պարտականությունները կատարելիս: Մայիսյան զինադադարին հաջորդած առաջին իսկ ամիսներին Բժշկական համալսարանում ստեղծվեց ռազմաբժշկական ֆակուլտետ, որն այս տարիներին 472 շրջանավարտ է տվել` ավագ սերնդի հայ բուժաշխատողների գործի շարունակողներ: