Խորհրդարանական ընդդիմությունը եւ ԲՀԿ խմբակցության անդամները, ինչպես եւ սպասվում էր, այսօր ԱԺ-ում անխնա քննադատեցին կառավարության ներկայացրած ծրագիրը, իսկ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների ելույթները՝ նոր կառավարությանն ուղղված սիրալիր ռեւերանսներ էին։
Մինչդեռ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց "նոր կառավարություն" տերմինը չակերտների մեջ հասկանալ. նախկինն են ե՛ւ վարչապետը, ե՛ւ նախարարները՝ բացառությամբ մի քանիսի։
"Կառավարությունը, որի քաղաքականությունը մնալու է անփոփոխ, որի կամզը մնացել է գրեթե անփոփոխ, որը շարունակում է գլխավորել նույն վարչապետը, կրկին հայտ է ներկայացնում խորհրդարանին՝ ստանալու խորհրդարանի եւ մեր ժողովրդի վստահության քվեն",- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի ելույթը բավականին խիստ էր, անգամ խորհրդարանի ղեկավարությունն էր զարմացել։ Նկատենք, որ արտահերթ նիստի հենց սկզբում, երբ ՀԱԿ-ի, "Դաշնակցության" եւ "Ժառանգության" ներկայացուցիչներն ԱԺ կանոնակագրի համաձայն հայտարարեցին ընդդդիմադիր լինելու մասին, ԲՀԿ-ն, որի ղեկավարն այս արտահերթ նիստից նույնպես բացակայում էր, լռեց։ Կուսակցության մամուլի խոսնակն առաջարկեց չպարտադրել իրենց որեւէ հայտարարություն անել։
"Մենք մեր գործունեությամբ ցույց կտանք",- ասաց Տիգրան Ուրիխանյանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագիրը գրեթե նախորդ փաստաթղթի կրկնությունն էր։ Ավելին, վարչապետը հայտարարեց, որ իրենք շարունակելու են հակաճգնաժամային ծրագրի իրականացումը։
Պատգամավորների ուշադրությունից չվրիպեց այն հանգամանքը, որ ներկայացրած ծրագրի սկզբում տնտեսական աճի եւ ՀՆԱ-ի ավելացման մասին խոստումների իրականացումն արդեն ծրագրի վերջում մշուշվում է։ Առաջընթաց կլինի, եթե արտաքին տնտեսական գործոնները բարենպաստ լինեն։
ՀՅԴ Խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, որ կառավարության անդամները պրոֆեսիոնալ են եւ պակաս հայրենասեր չեն, ոչ ոք չի կասկածում, սակայն անկեղծ չեն։ Ոչ մի ծրագիր չի կարող իրականացվել, քանի որ երկրի կառավարման մեխանիզմն է ապականված։
"Իրականում կառավարությունը չէ սոցիալական վիճակի համար պատասխանատուն. կառավարությունը պարզապես վարագույր է ծառայում այլ ուժերի համար, ինչ-որ մարզային մակարդակի ցեղախմբերի առաջնորդների, տնտեսական մակարդակով կլանների համար, որոնց ներկայացուցիչները կան նաեւ Ազգային ժողովում",- ասաց Վահան Հովհաննիսյանը։
Խորհրդարանական քննարկումներին առաջին անգամ մասնակցող ՀԱԿ պատագմավորների հետ վարչապետի երկխոսությունն ավելի շատ "բա ձեզ նայեք" տարբերակով էր։ Երկու կողմն էլ իրար մեղադրելու առիթ ունեն` հատկապես արտագաղթի թեմայով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը տնտեսական ոլորտին վերաբերող քննադատությանը արձագանքելով՝ քաղաքական գնահատական տվեց։
"Չենք կարողացել Հայաստանում արդարացի եւ մրցակցային հավասար միջավայր ապահովել",- ասաց վարչապետը։
Հանրապետական Դավիթ Հարությունյանն էլ խոստովանեց՝ իրենք նաեւ բացթողումներ են ունեցել։ Բայց այսօր դրական են գնահատում ծրագիրը, ավելին՝ այն պետք է հարստացնել արդեն ենթածրագրերով եւ նոր հայեցակարգերով։
Ելույթների համար հերթագրված 3 տասնյակ պատգամավորի շարքում հանրապետականների թիվը զարմանալիորեն քիչ էր։ Չնկատվեց նախորդ գումարման խորհրդարանի հարձակողական հռետորաբանությունը։ Արտահերթ նիստը դեռ շարունակվելու է։