16:42 . 16/06
Գյումրու կիսաքանդ շինությունների պատերին Մինաս Ավետիսյանի արժեքավոր որմնանկարները ոչնչանում են. ահազանգը տարիներ շարունակ հնչում է գյումրեցիների, նկարչի հարազատների, պետության ու մասնագետների կողմից: 2009-ին կառավարության հատկացրած միջոցներով "Թորոս Ռոսլինի ծնունդը" որմնանկարը վերականգնվեց եւ տեղափոխվեց Ջաջուռ` Մինասի թանգարան:
Հաջորդ տարի 20 միլոն դրամ տրամադրվեց "Խաչքարի մոտ" եւ "Հանդիպում" որմնանկարները վերականգնելու համար: Հետո որոշեցին որմնանկարները չթողնել Գյումրիում ու տեղափոխել Երեւան: Գյումրեցիները, իհարկե, ընդդիմացան. որմնանկարները մերն են, պետք է մնան Գյումրիում: Անգամ քաղաքային իշխանությունները միջամտեցին:
Գյումրու էլեկտրա-տեխնիկական գործարանի ճաշարանից Երեւան` կառավարության խորհրդակցությունների դահլիճ: Այսպես դասավորվեց Մինասի "Հանդիպում" եւ "Խաչքարի մոտ" հայտնի որմնանկարների ճակատագիրը: Սա որմնանկարների պահպանման ամենահարմար վայրն է. որոշեց պետությունն ու խոստացավ` երբեմն կառավարության խորհրդակցությունների դահլիճի դռները բացվելու են` ոչ միայն պաշտոնյաների, այլեւ` արվեստասերների համար:
Որմնանկարները կառավարությունում են 2010-ի նոյեմբերի 24-ից: Թե քանի՞ մարդ է եկել դրանք տեսնելու, կառավարությունում դժվարացան ասել: Արվեստասեր այցելուների համար հատուկ կարգ են սահմանել. պետք է դիմել կառավարության աշխատակազմ, եւ երբ 10 հոգանոց խումբը համալրվի, Հայաստանի պետական պահպանության ծառայության աշխատակիցն ու կառավարության աշխատողը խմբին կուղեկցեն խորհրդակցությունների դահլիճ.
"Եթե հետաքրքրվողներ կան, որ դիմում են երբեւէ, ոչ մի խոչընդոտ չի եղել: Դա հատուկ թանգարան չէ, որ դուռը բաց լինի այս ժամից այս ժամը, բայց համենայն դեպս, ամեն ինչ շատ հանգիստ, թափանցիկ աշխատում է",- ասաց մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:
Մշակույթի փոխնախարարն ասում է` ավելի հաճախ գալիս են աշակերտներ, ուսանողներ, արվեստագետներ: Մարդիկ, ովքեր գիտեն կառավարություն մտնելու հնարավորության մասին: Չիմացողներն էլ, լավագույն դեպքում, էկրանից են տեսնում որմնանկարները:
"Լինելով նիստերի դահլիճում` ինքնին գովազդ է, որովհետեւ բոլոր պատվիրակությունները, բոլոր հյուրերը նիստերի դահլիճ են այցելում, այդ հանդիպումները նկարահանվում են: Բնականաբար մարդիկ տեսնում են",- ասաց Սամուելյանը։
Անցյալ տարի այս օրերին քննարկման առարկա դարձավ Մինասի "Թել են մանում" եւ "Երկանք" որմնանկարները Գյումրից տանել-չտանելու հարցը: Գյումրեցիները չէին ուզում, որ քաղաքը զրկվի մշակութային հարստությունից, պետությունը պնդում էր` նկարները պետք է փրկել: Նկարները վերականգնվելու էին ՙ"Արմենիա" միջազգային օդանավակայաններ" ընկերության միջոցներով եւ որոշվել էր վերականգնումից հետո դրանք թողնել օդանավակայանում: Հնչեցին փոխադարձ մեղադրանքներ` մշակույթի նախարարի, Մինասի որդու, քաղաքապետի ու գյումրեցիների կողմից:
Օդանավակայանի նոր մասնաշենքի բացմանը "Թել են մանում" որմնանկարն արդեն տեղադրված էր մեկնման սրահում, ժամանակ առ ժամանակ էլ էկրաններին հայտնվում են նկարի մասին տեղեկություններ:
Մյուս որմնանկարը` "Երկանքը", օդանավակայանի դեռ չգործող նախագահական համալիրում է տեղադրվելու: Շարքային ուղեւորներն այն տեսնել չեն կարողանա:
Գյումրիում Մինասի դեռ 3 որմնանկար վերականգնման կարիք ունի: Մեկը հավանաբար կտեղափոխվի Գյումրու քաղաքապետարանի շենք: Մյուս 2-ի, ինչպես նաեւ այլ հեղինակների ավելի, քան 1 տասնյակ որմնանկարների ճակատագիրն անորոշ է: