Հայաստանի Փաստաբանների պալատի ավելի քան 500 փաստաբան այսօր հայտարարել է մեկօրյա գործադուլի օր՝ դատական իշխանության ուշադրությունը համակարգում առկա խնդիրների վրա հրավիրելու նպատակով:
Ինչպես հաղորդում է "Մեդիամաքսը", այսօր Փաստաբանների ակումբի նիստին մասնակցող փաստաբանները բարձրաձայնել են իրենց պահանջների մասին եւ ներկայացրել են "արդարադատության վիճակը բացահայտող" վիճակագրություն:
"Դատարաններն իրենց գործունեությամբ ավելի են խորացնում արդարության ճգնաժամը եւ անվստահությունը պետության եւ դատարանների նկատմամբ: Դրան են նպաստում նաեւ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վերադարձնելու կամ վարույթ ընդունելու շուրջ ստեղծված իրավիճակը, որոշակիության իսպառ բացակայությունը",- ասել է Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը՝ ընթերցելով փաստաբանների դիմումը՝ ուղղված ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին:
Փաստաբանները, հենվելով վիճակագրության վրա, պնդում են, որ դատարանները հանդես չեն գալիս որպես արդարադատություն իրականացնող մարմին, հակառակ դեպքում 100 տոկոսով չէին բավարարվի Կառավարության որոշումները, դատախազության մեղադրանքները եւ միջնորդությունները:
Փաստաբանների ակումբը դիմումին կից կազմել է Առդիր՝ քաղաքացիական եւ վարչական գործերի վերաբերյալ տեղեկանք եւ քրեական գործերի վերաբերյալ տեղեկանք, որտեղ մանրամասն մատնանշել է համակարգում առկա խնդիրները:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լուսինե Սահակյանն իր խոսքում նշել է, որ այսօր "մեր դատարաններում չի պահպանվում արդար դատաքննության իրավունքը":
"Մեր այսօրվա բողոքը ուղղված է ոչ միայն Վճռաբեկ դատարանի, այլեւ դատախազության, նախաքննական մարմինների, առաջին եւ երկրորդ ատյանի դատարանների դեմ: Այն հանգամանքը, որ դատական ակտերի 97% -ը մնում է կայուն, վկայում է այն մասին, որ մեր երկրում վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները չեն գործում",- ասել է Լուսինե Սահակյանը: