Հանրապետության բոլոր հիվանդանոցներն ապահոված են "Անտիգյուրզինով". օձերն ակտիվացել են: Այս դեղամիջոցը թանկ արժե, սակայն այն հիվանդանոցներում օգտագործվում է անվճար: Բոլորը խուսափում են օձերից, բայց Արարատ գյուղում ապրող Գրիգորյանների ընտանիքն օձերին համարում է իրենց բարեկամները:
Արարատ գյուղում ապրող այդ անսովոր ընտանիքում գյուրզաներ են բնակվում: Գրիգորյանների տանը օձերը մշտապես բնակվող բարեկամներ են: Նրանց հանդեպ սերը եկել է դեռ մեծ տատիկից` Ջավահիրից: Սկեսրոջ մասին Լուսյա Գրիգորյանը բոլորին է պատմում. օձի կծածը լավացնում էր իր թքով: Այն ժամանակ շատերն էին զարմացել, Ջավահիր տատին բժշկական փորձաքննության համար նույնիսկ Ռուսաստան էին տարել, բժիշկները, սակայն, տարօրինակ ոչինչ չէին հայտնաբերել: Հայաստանում հայտնի կնոջը ԽՍՀՄ առաջնորդ Ստալինն անձամբ է ընդունել:
Լուսյան նաեւ խնամքով պահում է այն հուշամատյանը, որտեղ բոլոր բուժվածների շնորհակալություններն են:
"Մոսկվայում նրան թույլատրել էին, որ կարող է նման բուժումներ անել: Այդ ժամանակ՝ 1934թ.-ին, Աղասի Խանջյանն անձամբ գալիս է, սարքում է այս տունը և մի բացօթյա շինություն` նախատեսված բուժվողների համար",- ասաց Լուսյա Գրիգորյանը։
Բժշկական աշխարհում, իհարկե, նման բուժումների կողմնակից չեն: Շոգ եղանակին ավելացել է նաեւ հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանի աշխատանքը: Սուր թունավորումների բաժանմունքում ամեն օր հիվանդները շատանում են:
Գարնան սկզբից մինչ այժմ թունավոր սողուններից տուժել է շուրջ 30 մարդ: "Անտիգյուրզինի" կարիք կա, պակաս` ոչ: Հանրապետության բոլոր բուժհաստատություններն օձի թույնի դեմ պայքարող դեղամիջոցով ապահովված են: Սակայն մինչ տուժածին կհասցնեն վերակենդանացման բաժանմունք կամ հիվանդասենյակ` շտապբուժօգնության բժշկի դերը հարկավոր է, որ կատարի հենց տուժածը կամ նրա մոտ գտնվողը:
"Բերանով կծած տեղն արտածծել, անշարժացնել: Միանգամից հասցնել հիվանդանոց: Մնացած բուժօգնությունը՝ հիվանդանոցային պայմաններում",- ասաց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբանը։
Օձերի ակտիվացման շրջանը կապված է նրանց բեղմնավորման ժամանակաշրջանի եւ եղանակի տաքացման հետ: Մասնագետները խորհուրդ են տալիս. թունավոր սողուններից խուսափելու համար հատկապես պետք է զգույշ լինել խոտածածկ տարածքներում եւ այն վայրերում, որտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում: