Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
1988 թվականի այս օրն Ազատության հրապարակում բոլորի աչքի առջեւ բարձրացավ հայոց եռագույնը: Խորհրդային Միությանը ձեռնոց նետողը Մովսես Գորգիսյանինն էր: Ականատեսները հիշում են. այդ օրը վերացավ ազատության ու անկախության վախի զգացողությունը: Դա եղավ մի շարժումով. Ազատության հրապարակում Եռագույնի բարձրացմամբ:
1988 թվականի այս օրն Ավետիք Իշխանյանն Ազատության հրապարակի հենց նույն տեղում էր: Հիշում է. Ղարաբաղյան շարժման բավականին լուրջ փուլ էր, երբ մի խումբ հայրենասերներ որոշեցին այստեղ տոնել Առաջին Հանրապետության օրը: Ոգեւորված էր. մինչ այդ ամեն տարի մայիսի 28-ն ընկերներով էին նշում: 24 տարի առաջ կատարված իրադարձությունների մասին խոսելիս՝ հուզմունքը գրեթե նույնն է. ինքը ելույթ չուներ, փոխարենը հարթակում հայրը` Ռաֆայել Իշխանյանը պետք է խոսեր:
Հավաքի մասնակցներից շատերի ձեռքին եռագույն դրոշը խորհրդանշող փուչիկներ կային, սակայն ոչ ոք չէր պատկերոցնում, որ րոպեներ հետո Մովսես Գորգիսյանը բոլորին ի ցույց է դնելու խորհրդային վարագույրի հետեում պահվող պետական խորհրդանիշը:
"Հիշում եմ` Մովսեսը վերցրեց խոսափողը եւ ասաց. ժողովուրդ, հիմա մի բան եմ ցույց տալու, սակայն չվախենաք: Եվ բարձրացրեց Եռագույնը",- պատմեց Ավետիք Իշխանյանը։
Ավետիք Իշխանյանն այն ժամանակվա քաղաքական իրավիճակը լավ է հիշում: Հայկական դրոշը պարզելը շատերի սրտով չէր: Խոչընդոտներն էլ քիչ չէին, արարքը նաեւ ՀՀՇ-ի սրտով չէր. Ղարաբաղ կոմիտեում ընդամենը երկու-երեք հոգի էին անկախության գաղափարին կողմ:
"Հիշում եմ, թե ներքին ինչ անհանգստությամբ ու ոգեւորությամբ էի եկել այդ հանդիպմանը, որովհետեւ մի կողմից վախենում էի, որ մարդիկ քիչ ահվաքված կլինեն, մյուս կողմից, որ արդյոք իշխանությունները թույլ կտան հանրահավաք անցկացնել: Ուզում եմ մի բան ասել. որեւէ մեկը դեռեւս դրոշը չէր պարզել, մենք այն ժամանակ փոքրիկ եռագույններ էինք սարքում եւ գաղտնի տարածում",- ասաց Ավետիք Իշխանյանը։
1988 թվականին մարդաշատ էր հրապարակը. Ավետիք Իշխանյանի հիշողությունները վերադառնում են, սակայն ափսոսում է. այսօր, երբ մայիսի 28-ը պետականորեն է տոն, տոնական շունչ այստեղ չկա:
"Սա ամենակարեւոր պետական տոնն է, եթե չլիներ առաջին հանրապետությունը, չէր լինի նաեւ Խորհրդային Հայաստանն` իր ինչ-որ չափով պահպանած կառույցներով, եւ այսօրվա անկախ Հայաստանը",- ասաց նա:
Մովսես Գորգիսյանի այրին 1988 թվականի մայիսի 28-ը հիշում է այսօրվա նման: Ազատության հրապարակը լիքն էր: Հավաքված էին միայն խիզախները, մարդիկ, որոնց համար ազատությունը կյանքից թանկ էր, իսկ ամենախիզախները, այդ թվում՝ ամուսինը, հարթակի վրա էին, թեեւ հասկանում էին, որ գուցե վտանգավոր էր նույնիսկ հրապարակում կանգնելը:
"Ատոմային ռումբի նման Եռագույնը պարզեց, ասաց՝ խորհրդային կայսրություն, չեմ ճանաչում քեզ, ես իմ ազգություն եմ ուզում, իմ անկախությունն եմ ուզում: Մի մասին տարան Ապարան, մի մասին` Սարդարապատ, ամեն ինչ անում էին, որ մարդկանց թիվը քիչ լինի",- ասաց տիկին Ռուզանը։
Գորգիսյանների ընտանիքում մայիսի 28-ը սոսկ տոն չէ: Այն հաղթանակի, վերածննդի օր է: Այդ օրը շնորհավորանքների պակաս չի լինում. ազգային հերոսի այրին շնորհավորում է նրանց, ովքեր ամուսնու կողքին էին անկախության համար պաքարի օրերին:
"Հիշում եմ, Մովսեսն ասում էր` մի՛ վախեցեք, ես եմ պարզել Եռագույնը: Դա վախի հաղթահարում էր, դա վախ չէր, այլ սարսափ էր, եւ այդ սարսափի մեջ հայտնվում է Եռագույնը: Ես կարող եմ ասել, որ Եռագույնի պարզումը, այնուհետեւ պայքարը՝ պայքար էր այսօվա համար։ Կարող եմ հպարտությամբ ասել, որ Մովսեսն այսօրվա ստեղծողն էր: Մովսեսն ու իր ընկերները",- նշեց Ռուզան Գորգիսյանը։
Ռուզան Գորգիսյանն ամուսնու նկարները պահում է խնամքով: Սեւ ու սպիտակ նկարների մեջ միակ գունավորը սա է. Մովսես Գորգիսյանը հայկական Եռագույնով` վաղվա Հայաստանի հավատով:
"Կեցցե՛ ազատ, անկախ Հայաստանը: Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու",- ասում էր Գորգիսյանը: