Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում 2000-ից ավելի մարդ է ապրում: Բոլորը վերաբնակիչներ են: Պատերազմից հետո այստեղ են եկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տարբեր գյուղերից ու քաղաքներից:
Տարածքն ազատագրելը բավական չէ. այն շենացնել ու ամրացնել է պետք: Բերձորյան խաղաղությունն անհրաժեշտ է հսկել ամեն Աստծո օր: Թամար Աբրահամյանն ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի քույրն է: Պատերազմի առաջին իսկ օրերից երեք եղբայրների հետ ռազմաճակատ մեկնեց, իսկ խաղաղության օրերին ծնունդով ապարանցի Թամարն իր կյանքը Բերձորի հետ կապեց:
Պատերազմի ավարտից հետո Բերձորում բնակություն հաստատեցին նաև Ադրբեջանից հրաշքով փրկված հայ ընտանիքներ: Նրանց մեկը տիկին Վիկտորյայի ընտանիքն էր. նա ծնունդով Ադրբեջանի Բեկում Սարով գյուղից է. հիշում է` իրենց գյուղում ոչ մի ադրբեջանցի չէր ապրում, միայն հայեր: Համագյուղացիները երբևէ թույլ չէին տալիս, որ թուրքն իրենց հողում բնակություն հաստատի…
Պատերազմի առաջին իսկ օրերից տիկին Վիկտորյան համոզվեց, որ ծննդավայր գյուղի տերերը չէին սխալվել. թուրքը բարեկամ չի դառնա:
Բերձորի ազատագրումը ռազմավարական նշանակություն ունեցավ: Մինչ այդ Արցախը տնտեսական ծանրագույն շրջափակման մեջ էր: Բերձորի միջանցքը կյանքի ճանապարհ կոչվեց, որով ցամաքային կապ հաստատվեց Հայաստանի ու Արցախի միջև, և արհեստականորեն մասնատված ժողովուրդը վերամիավորվեց:
Բերձորում արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի` մայիսի 18-ին, ազատագրման օրը նշել: Տոնին պատրաստվում են օրեր առաջ: Տոնական հարիսայի, ավանդական հայկական խորովածի նախապատրաստական աշխատանքներն ավարտին են հասցվում հենց Բերձորի կենտրոնական հրապարակում, որտեղ ամեն տարի մեկտեղվում են բերձորցիներն ուՀայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տարբեր շրջաններից եկած հյուրերը:
Քաշաթաղի շրջանն իր բնակլիմայական պայմաններով մեծ հնարավորություններ ունի տնտեսության տարբեր ճյուղերը զարգացնելու համար: Բերձորն այսօր դանդաղ, բայց վստահ քայլերով է առաջ գնում: Անցյալի հիշողություններն օգնում են դեպի ապագա ավելի համառ հայացքով նայել… Ոչ թե ուրիշին, այլ ինքներս մեզ դեռ վերադարձնելու հողեր ունենք…
Ի դեպ, մեր գործընկերուհի Մարիաննա Փայտյանը մի քանի օր շրջել է Բերձորի տարածաշրջանում։ Հանդիպել հետաքրքիր մարդկանց եւ փաստերի։ Տեսել դժվարություններ ու արձանագրել խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։ Նրա տեսաֆիլմը՝ "Հայի ուժը" ծրագրով կարող եք դիտել մեր եթերում արդեն վաղը երեկոյան` ժամը 21։30-ին։
Արցախի ազատագրված տարածքների հիմնախնդիրներին նվիրված մեկ այլ հետաքննություն կատարել է մեր գործընկեր Թաթուլ Հակոբյանը, ում "Հայերը։ Մռավից Արաքս" ֆիլմը, "Երկիր մեդիայի" եթերում կլինի նույնպես վաղը՝ 18:10։