16:54 . 26/05
Հունիսի 8-ին Լեհաստանում եւ Ուկրաինայում մեկնարկելու է ֆուտբոլային տոն` "Եվրո-2012"-ը: Լեհաստանի եւ Ուկրաիանայի հյուրընկալող ութ քաղաքները նախապատրաստվում են այս իրադարձությանը, իսկ 16 հավաքականներ պատրաստվում են պայքարել Եվրոպայի ուժեղագույն հավաքականի տիտղոսի համար:
2008-ին այդ կոչմանն արժանացավ Իսպանիան: Հունիսի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում` Լեհաստան-Հունաստան հանդիպումով կմեկնարկի "Եվրո-2012"-ը: Վարշավան կհյուրընկալի ռուս եւ հույն երկրպագուներին:
Վարշավայի ֆուտբոլի ազգային մարզադաշտը գտնվում է քաղաքի կենտրոնում, այնտեղ կարելի է հասնել նույնիսկ ոտքով: Այն տեղավորում է ավելի քան 58 հազար երկրպագու` երկու անգամ ավել, քան "Եվրո-2012"-ի մյուս մարզադաշտերը:
Լեհաստանում մեծությամբ երկրոդ քաղաքը` Կրակովը կհյուրընկալի Հոլանդիայի, Խորվաթիայի եւ Իտալիայի հավաքականների երկրպագուներին: Նախատեսվում է, որ հենց այստեղ կգա ավելի քան 100 հազար երկրպագու: Կրակովը համարվում է լեհական մշակույթի արտացոլանքը, սակայն բացի պատմամշակութային կոթողներից եւ դիտարժան ֆուտբոլից, Կրակով քաղաքի ռեստորաններում առաջարկվելու է նաեւ համեղ սնունդ:
Գդանսկը կհյուրընկալի Իսպանիայի, Իտալիայի եւ Խորվաթիայի երկրպագուներին: Այստեղ 31 հանդիպումներին կարող են հետեւել ֆան-գոտիում, որը տեղավորում է ավելի քան 30 հազար երկրպագու: Իսկ Գդանսկի մարզադաշտը, բացի երեք փուլային հանդիպումներից, կհյուրընկալի նաեւ քառորդ եզրափակչի մեկ հանդիպում:
Վրոցլավում կհյուրընալվեն ռուս, չեխ եւ հույն երկրպագուները, իսկ մարզադաշտում հանդիպումը դիտելու հնարավորություն կունենան 43 հազար մարդ:
Սպասվում է, որ "Եվրո-2012"-ի ընթացքում Լեհաստան կայցելի շուրջ 800 հազար երկրպագու: Ուկրաինայում եւս շարունակվում են նախապատրաստական աշխատանքները:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւը կհյուրընկալի շվեդ եւ անգլիացի երկրպագուներին: Իսկ Լվովում "Եվրո-2012"-ին հետեւելու համար կհավաքվեն գերմանացի, պորտուգալացի եւ դանիացի երկրպագուները: Լվովի մարզադաշտում առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին: Դանիլո արքան քաղաքը կառուցելուց հետո այն անվանել է` ի պատիվ իր որդու: Երբ քաղաքը դարձավ "Եվրո-2012"-ը հյուրընկալողներից մեկը, իշխանությունները կառուցեցին նոր մարզադաշտ, որը կարող է հյուրընկալել 32 հազար երկրպագու: Լվովի էքսկուրսավարները կարծում են, որ բացի ֆուտբոլային հանդիպումներ դիտելուց, այցելուները կբացահայտեն, թե ինչպիսին է դարձել Լվովը Խորհրդային Միության փլուզումից հետո:
Ուկրաինայում իր մեծությամբ երկրորդ քաղաքը` Խարկովը եւս պատրաստվում է "Եվրո-2012"-ին: Այստեղ կհյուրընկալվեն հոլանդացի, դանիացի եւ գերմանացի երկրպագուները: Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր "Մետալիստի" մարզադաշտում, որը կառուցվել է 1925 թվականին, կանցկացվեն հանդիպումները: Իսկ Խարկովի ազատության հրապարակը, որը մեծությամբ 12-րդն է աշխարհում, կվերածվի ֆան-գոտու:
Դոնեցկի "Դոնբաս Արենա" մարզադաշտում իրենց հանդիպումները կանցկացնեն Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի հավաքականները, ինչպես նաեւ այստեղ կխաղարկվեն քառորդ եզրափակիչ եւ եզրափակիչ հանդիպումները: "Շախտյորի" նախագահ Ռինատ Ախմետովը 2009-ին հիմնեց "Դոնբաս Արենան", իսկ "Շախտյոր" ակումբն արդեն դարձել է ուկրաինացիների հպարտության խորհրդանիշը:
"Եվրո-2012"-ի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում: