Նախագահական նստավայրում երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել հանդիպում, որի արդյունքում հանգուցալուծվել է ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կազմել-չկազմելու հարցը:
Բաղրամյան 26-ում նախագահ Սերժ Սարգսյանին են հանդիպել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանը:
Հանդիպման մանրամասներ հայտնի չեն, մամուլն այսօր տարածել է, թե հանդիպման ընթացքում խոսվել է կոալիցիոն հուշագիր կազմելու, նախարարների եւ մարզպետների պաշտոնները բաժանելու, նաեւ` Հովիկ Աբրահամյանին Ազգային ժողովի նախագահ նշանակելու մասին: Չի շրջանցվել նաեւ ԲՀԿ-ի ցուցակից որոշ ըմբոստ դեմքերի դուրս թողնելու հարցը:
Իսկ քիչ առաջ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում, ասվում է.
"Բարգավաճ Հայաստանի" 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:
Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն, չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ավելին` ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում "Բարգավաճ Հայաստանը" ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:
Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն:
Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը:
ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն և մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։
Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ և գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը:
Անկեղծորեն հաջողություն և արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձևավորվելիք կառավարությանն` ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի":