Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կայացել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ Ֆրասնիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը։ Թուրքիան այս հանդիպմանը երկար էր սպասել։ Թուրքական լրատվամիջոցների համաձայն` հանդիպման ընթաքում քննարկված հարցերի թվում, կարեւորագույն կետը եղել է ֆրանս-թուրքական լարված հարաբերությունների շուտափույթ կարգավորումը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրը ցանկանում է եւ պատրաստ է "նոր էջ" բացել եւ ամեն ինչ սկսել սպիտակ թղթից։ Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը վստահեցրել է, որ թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է դառնան ներքին քաղաքականության գործիք եւ երկու երկրներն էլ պետք է խուսափեն սխալ հասկացվելուց։
Գյուլի եւ Օլանդի հանդիպմանը թուրքական շրջանակները սպասում էին հատկապես երկու երկրների հարաբերությունների վատթարացման կարեւորագույն պատճառի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության խնդրում Փարիզի դիրքորոշման շուրջ նոր համաձայնությունների կայացման համար։ Սակայն երկու նախագահների հանդիպումների մասին թուրքական լրատվամիջոցների բոլոր հաղորդագրությունների ավարտին հատուկ շեշտադրմամբ գործածվել է "1915 թվականի մասին չեն խոսել" արտահյտությունը` մեկ անգամ եւս արձանագրելով, որ այս հարցում Անկարայի եւ Փարիզի միջեւ առայժմ չի կարող համաձայնություն լինել։
Մայիսի 6-ին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սարկոզիի պարտությունով եւ Օլանդի հաղթանակով Թուրքիան ուրախ էր քան երբեւէ։ Պատճառը հստակ էր. Սարկոզին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գլխավոր խոչնդոտներից մեկն էր։ Սակայն շատ կարճ ժամանակ հետո պարզ դարձավ` "երկու երնեկ մեկ տեղ չի լինում"։ Եվրոպական ընտանիք Թուրքիայի մուտքի հարցում, թեեւ Օլանդը Սարոզիի պես կտրուկ դեմ չէ, սակայն նա ավելի հետեւողական է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման, հետո արդեն դրա ժխումը քրեականացնելու հարցում։ Ավելին, թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը համարում է կարեւոր նախապայման Եվրամիության անդամակցության համար։ Եվրաանդամակցության խնդիրն այսօր այդքան էլ ճակատային չէ Անակարայի համար, սակայն միայն 1915 թվականի հիշատակումը Թուրքիային ստիպում է շատ զգույշ լինել Ֆրանսիայի նորընտիր նախագահի նկատմամբ։
Կանխատեսումներն էլ շատ կծկտուր են։ Թուրքերը սպասում են արդեն նախագահի գահին բազմած Ֆրանսուա Օլանդի հայկական հարցով առաջին հրապարակային հայտարարությանը։ Թեեւ նրանք այսօր էլ չեն մոռանում, որ ընտրույթունների ավարտից մի քանի օր առաջ նախկին եւ ներկա նախագահները հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը։