Հայկական դիվանագիտության եւս մեկ ձախողում միջազգային հերթական հարթակում: Չիկագոյում մեկնարկած ՆԱՏՕ-ի համաժողովին մասնակցող թուրքական պատվիրակությունը ծրագրել է համաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ ներառել մի կետ, որում խոսք է գնալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Չիկագոյում Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Աբդուլլահ Գյուլն Իլհամ Ալիեւին վստահեցրել է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում մինչեւ վերջ աջակցելու է Ադրբեջանին: Մեր երկրի ղեկավարն այս գագաթաժողովին չի մասնակցում:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է չմասնակցել Չիկագոյում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին վերջի պահին: Մեր երկրի նախագահի որոշման լուրն առաջինը հրապարակվել է Միացյալ Նահանգներում, երբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Չիկագոյի հայ համայնքի ներկայցուցիչների հետ եւ նրանց պարզաբանումներ տվել նախագահի՝ ԱՄՆ չմեկնելու առնչությամբ:
"ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպում: Այն, չնայած Լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխություն է կրել, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից: Այդ ձեւակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին եւ որոշումներին",- ՀՀ Արտգործնախարար Նալբանդյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գնահատմամբ, Հայաստանը բաց է թողել պահանջատերի կարգավիճակով պայքարի համար մղվող քայլերի հնարավորությունները եւ որ հայկական դիվանագիտության պատասխանները, մեղմ ասած, համազոր չեն ստեղծված իրավիճակին: "Ավելին, եթե չասեմ, որ այն մարտավարությունը, որ ընտրվել է շատ վտանգավոր է: Դրա հիմքում ընկած է հետեւյալը. մենք, փաստորեն, փորձում ենք շրջանցել Ադրբեջանի կողմից անցկացված բանաձեւերը՝ վկայակոչելով մադրիդյան սկզբունքները: Սա տրամաբանորեն ենթադրում է, որ մեր դիվանագիտությունն այլեւս վիճարկելի չի համարում մադրիդյան սկզբունքները, եւ ավելին՝ մի օր էլ այդ սկզբունքներն ընդունելու է",- նշում է Արմեն Ռուստամյանը:
Փորձագետ Թաթուլ Հակոբյանը հիշեցնելով ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովը, որին Սերժ Սարգսյանն երկու տարի առաջ կրկին չներկայացավ՝ նորից նույն դրդապատճառով, համարում է, որ բոյկոտը լավագույն տարբերակը չէ, որպեսզի հաջորդ գագաթաժողովում նման տեքստ չհայտնվի սեղանին: "Սա այն դեպքն է, երբ հայկական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ աներ, որ ոչ թե բոյկոտելով պատասխաներ այդ խոշորագույն ռազմաքաղաքական դաշինքի քայլերին, այլ լիներ այնտեղ, անցկացներ անքուն գիշերներ ամենաբարձր մակարդակով, ինչու չէ՝ նախագահի մակարդակով եւ փորձեր հասնել նրան, որպեսզի նման ձեւակերպում չլիներ:,- նշում է փորձագետը:
"Եվրախորհրդարան", "ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ", "Չմիացած երկրների շարժում" եգիպտական Շարմ էլ-Շեյխում, հիմա էլ՝ Չիկագոյում "ՆԱՏՕ": Սրանք միջազգային այն հարթակներն են, որտեղ հատկապես վերջին շրջանում Հայաստան-Ադրբեջան առճակատման ֆոնին փաստորեն գրանցվում են Բաքվի հաջողության, կամ, ավելի ճիշտ, հայկական դիվանագիտության պասիվության իրար հաջորդող վառ օրինակներ: