Ինչպես ամբողջ Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում տարին մեկ անգամ թանգարաններն այցելուների համար բաց են լինում մինչեւ կեսգիշեր: "Թանգարանային գիշեր" նախաձեռնությանը մեր երկիրը միացել է 2005 թվականից: Նպատակը մշակույթի այդ օջախներում ամփոփված հավաքածուների բացառիկ արժեքները հանրությանը նորովի ներկայացնելն է, մասնավորապես՝ երիտասարդության համար մշակութային ժառանգության շերտերը բացահայտելը: Թանգարանային գիշերը նաեւ առիթ է, որպեսզի դրանց տնօրենները խոսեն խնդիրների ու ծրագրերի մասին:
Հայերը մշակույթ ստեղծում են, սիրում են, բայց նրանց թանգարանասեր չես անվանի. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի դիտարկումն է:
"Երեւանցիները ընդհանրապես չեն սիրում գնալ թանգարան, միայն եթե հյուր ունեն, բերում են կամ կյանքում մի անգամ այցելում են մի թանգարան: Իրականում էդ անհրաժեշտությունը չկա, որ ամիսը մեկ ընտանիքով գնան ցուցասրահ, նայեն կամ գնան թանգարան, որովհետեւ մեկ անգամով հնարավոր չէ թանգարանը դիտել, հասկանալ",- ասում է Զավեն Սարգսյանը:
Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է եւ բաց դռների օր է բոլոր թանգարաններում: Մուտքն անվճար է լինելու նաեւ մայիսի 19-ի երեկոյան ժամը 18:00-ից մինչեւ կեսգիշեր: Հայաստանի 63 թանգարաններում "Թանգարանային գիշերվա" ընթացքում մշտական եւ ժամանակավոր ցուցադրությունների կողքին լինելու են համերգներ, գրքի շնորհանդեսներ, ընթերցումներ, բեմականացումներ, տեսաֆիլմի դիտումներ, խաղ-էքսկուրսիաներ, հյուրասիրություններ:
Ժամանակակից արվեստի թանգարանում մուտքն անվճար է նաեւ ամսվա 2-րդ եւ 4-րդ ուրբաթ օրերը, իսկ թոշակառուների համար թանգարանի դռները միշտ բաց են: Չնայած այս նախաձեռնությունն աշխուժություն է մտցնում թանգարանում, բայց դրանից խնդիրները չեն պակասում:
"Թանգարանի հիմնական խնդիրներից մեկը շենքն է, որովհետեւ այցելուները, աշխատողները տեսնում են, որ մեր հավաքածուն չի կարող ցուցադրվել, լուսավորության հարց կա եւ վերջապես մենք չենք կարող ցույց տալ այն ամենը, ինչ ունենք",- ասում է Երեւանի ժամանակակից արվեստի տնօրեն Նունե Ավետիսյանը:
Փարաջանովի տուն-թանգարանը տարեկան մինչեւ 16 հազար այցելու է ունենում: Միայն թանգարանային գիշերվա ընթացքում անցյալ տարի 4000 մարդ է եղել այնտեղ: Նման ցուցանիշը Զավեն Սարգսյանն աննորմալ մրցավազքի հետ է համեմատում. մի երեկոյի ընթացքում թանգարանից թանգարան գնալը ոչինչ չի տալիս:
Տոմսերի, հուշանվերների ու գրքերի վաճառքից է գոյանում թանգարանի բյուջեն: Փարաջանովի տուն-թանգարանի աշխատակիցների միջին աշխատավարձը 100 հազար դրամ է: Մյուս թանգարանների համեմատությամբ` այստեղ աշխատավարձը բարձր է համարվում, մինչդեռ Զավեն Սարգսյանի խոսքով` երիտասարդ մասնագետը թանգարանում աշխատել չի ցանկանում: Թանգարանում մնացել են միայն նվիրյալները, երիտասարդները չեն հետաքրքրվում ու չեն ցանկանում ուսումնասիրել մեր պատմությունը: Մինչդեռ Զավեն Սարգսյանն ուզում է մեր քաղաքում տեսնել նոր թանգարաններ` ֆոտո եւ տեխնիկական իրերի: Մի ցանկություն էլ ունի.
"Մարդ գնում է Թեհրան, տեսնում է հսկայական թանգարան գորգի, Բաքվում, Կիրովաբադում եւս կա, սա շատ կարեւոր է, էլ չեմ ասում մյուս արհեստները` ասեղնագործությունը: Նոր եմ եկել Թուրքիայից` Ուրֆայում, Այնթափում թանգարանների 90 տոկոսը հայկական էքսպոնատներ են, Մարաշի ասեղնագոծությունը, Այնթափի, գրած չի, որ հայկական է, գրված է, որ այստեղ է ստեղծվել այս տարածքում, ո՞վ է արել, այդ հարցը չի շոշափվում",- նշում է Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենը:
Հայաստանյան թանգարաններից յուրաքանչյուրում այսօր 5-ից 10 գորգ է ցուցադրված: Զավեն Սարգսյանն առաջարկում է հայկական գորգերի թանգարան ստեղծել եւ այդ նպատակով Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ թանգարանային տարածք տրամադրել: