18:32 . 09/05
Ռազմի դաշտում հայ մարտիկի անբաժան ընկերը՝ զենքից բացի, նաեւ հայրենասիրական երգն էր։ Առաջին շրջանում այդ երգերը փառաբանում էին հայ ֆիդայուն, որ մարտնչել էր դեռ 20-րդ դարի սկզբին, տարածվում էին նաեւ լուսանկարներ՝ հայդուկների պատկերներով։ Կարճ ժամանակ անց ծնվեցին նոր երգեր՝ արդեն արցախյան պայքարի մասին, տարածվեցին նոր լուսակարներ այդ պայքարի հերոսների դեմքերով։ Համաժողովրդական պայքարն այդպիսին դարձավ նաեւ ժողովրդական արվեստի ու բանահյուսության ասպարեզում։
1988-ի սկզբներին Երեւանի Թատերական հրապարակում եւ Ստեփանակերտի փողոցներում ամենահաճախ հնչող պահանջն էր` միացում: Վանկարկումները երաժշտության նման էին հնչում Գուսան Հայկազունի գլխում: Մի քանի օր հետո հրապարակում հավաքված ցուցարարներն արդեն անգիր գիտեին "Հայեր միացեք" երգը: Այս ու Գուսան Հայկազունի գրած շատ այլ երգեր հարյուրավոր մարդկանց հրապարակներից ուղեկցեցին Արցախ: Գուսանն ինքն էլ գնաց: Հիշում է` Կապանում էին, զինվորները քիչ էին, զենք չկար, վիճակը լուրջ էր:
"Տղաներից մեկը ձայն տվեց, ասաց` գուսան, մի հատ "Հայեր միացեքը" սկսի: Երբ սկսեցի, մեր տղերքից 15-20 հոգի սկսեցին երգել, եւ ոգեւորված սկսեցինք կռվել: Երգի ժամանակ երբեմն մոռանում ես մահ, գիտես, որ երգն է, հետեւում հայրենիքն է եւ գնում ես առաջ",- ասաց Գուսան Հայկազունը։
Զինվորներին ոգեւորել էր պետք, ուժ տալ, խրախուսել: Ու անընդատ գրվում էին նոր երգեր` "Հպարտ մնացեք", "Վեր կաց Շահեն", "Պիտի գնանք", մինչեւ 1994-ի "Հայոց հաղթանակ" երգը:
"Վախկոտներ կային, դասալքություն կար 1992-ին, եւ պետք էր ոգեւորել։ Պիտի գրեի "Պատերազմ եք գնում, բարով գնացեք, Վարդանի արյունն է ձեր մեջ, իմացեք": Գետաշենն էր կռվում, 3 օրում գրեցի "Գետաշենը", հաջորդ ուղղաթիռով տարա Գետաշեն",- հիշում է Գուսանը։
Այս երգերը շարունակում են հնչել նաեւ այսօր` խաղաղ պայմաններում: Դրանք հրաշալի կատարում է Մկրտիչ Մկրտչյանը, ով ամբողջ պատերազմն անցել է երգը շուրթերին, ինչպես այն օրերին, այնպես էլ այսօր:
Արցախյան պատերազմի քրոնիկայի ժապավենը հետ ու առաջ պտտելով՝ Լեւոնը հիշում է` ինչպես առաջին անգամ գնաց Արցախ, շատ շուտ հասկացավ` մարդու դեմ զենք վերցնել չի կարող: Եկավ Երեւան ու նորից Արցախ վերադարձավ՝ տեսախցիկով: Զինվորները քմծիծաղ էին տալիս, թե տղամարդ չե՞ս, զենք վերցրու: Բայց քիչ ժամանակ պահանջվեց, որ սկսեին գնահատել առաջին գծում ու խրամատներում միշտ իրենց կողքին կանգնած օպերատորին:
"Սուտ ինչ-որ բան կա, թե իբր, որ կինոխցիկի օբյեկտիվի մեջ նայում ես, քեզ թվում է, թե շատ պաշտպանված ես, բայց իրականությունն էդպես չի: Ավելի վտանգված ես, քան զինվորը, նա ինչ-որ ձեւով կարող է փախչել: Զինվորներն էլ հետո սկսեցին հարգանքով մոտենալ ու ասում էին` մենք չէին մտածում, որ կարող է էսքան պրոբլեմատիկ լինել",- հիշում է օպերատոր Լեւոն Գրիգորյանը։
Լեւոնն ասում է` երիտասարդ էինք ու ռոմանտիկ: Նկարում էինք թեժ կռիվներն ու շտապում ուղարկել Մոսկվա` Գորբաչովին` հավատալով, որ իրականությունը տեսնելուց հետո, ճիշտ գնահատակն կտան: Պատերազմ էր, բոլորը կյանքի ու մահվան սահմանագծին էին: Լեւոնը հիշում է այդ օրերի միակ լուսավոր կետը. "Պատերազմում մարդկային հարաբերությունները դառնում են գերմարդկային: Մարդը, որ կռվում է, գերազնվանում է, որովհետեւ էդ վտանգի ժամանակ նա պիտի միշտ քո վրա հույս դնի, դու պիտի թիկունք լինես: Ցավոք, մեր կենցաղում էսպիսի հարաբերություններ չկան":
Բժիշկը, որ նշտարը ձեռքին վազում է իրենից փախչող վիրավորի հետեւից, որպեսզի հանի արկի բեկորը. ավելի տպավորիչ է, քան թնդանոթի կրակոցները: Լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը սեփական փորձառությամբ էր հասկացել սա: Նրա մահից 3 տարի անց մտերիմները հիշում են` պատերազմական գոտուց վերադառնալիս` առաջինը, ինչ անում էր` երեւակում էր ժապավենն ու օգտագործելով անձնական կապերն` օդաչուների միջոցով ուղարկում էր լուսանկարներն աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցներին: Ֆոտոխցիկը ձեռքին առաջին գծում. Ռուբենն այսպես էր պատերազմում:
"Ռուբենը շատ ֆանատիկ էր, նա պատերազմից տուն չէր գալիս, առավոտից գիշեր նկարում էր: Երբ սկսվեց ղարաբաղյան պատերազմը, դաշտից տուն չէր գալիս, առաջին ճակատային գծում էր լինում",- հիշում է Տիգրան Մանգասարյանը՝ Ռուբենի եղբայրը։
Լեւոնը տեսագրել է նաեւ 1995-ի մայիսի 9-ի առաջին քշերթը Շուշիում: Շատերին վերջին անգամ տեսել է Արցախում: Բայց հիշում է բոլորին:
"Չգիտեմ էս տղեքից շատերիին. ողջ են՝ ողջ չեն: Բայց էդ մարդիկ ոնց որ իմ հարազատները լինեն, երբ իրար տեսնում ենք, էնքան տաք ու հարազատ ենք: Անուն չկա, չես կարող ասել՝ բարեկամ են, ընկեր են, անուն չի մտածված: Բայց դա էն ա, ինչ ապրում էինք էդ ժամանակ՝ խրամատներում լինելով, մահը տեսնելով",- պատմում է օպերատորը:
Գուսան Հայկազունն ասում է` Կարսին, Մուշին, Սասունին նվիրված երգեր արդեն գրել եմ, որ երբ ազատագրենք, երգերը պատրաստ լինեն:
"Շեմն անցել եմ 60-ի, բայց գիտեմ, որ դեռ երկար եմ ապրելու եւ շատ հաղթանակներ եմ տեսնելու եւ նոր հաղթանակներին երգեր եմ ձոնելու",- ասում է նա։
Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյանի հիշատակի հիմնադրամի