Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Եռատոնի օրվա՝ մայիսի 9-ի մոտենալու հետ աճում է տոնական տրամադրությունը, Ստեփանակերտում դեռ երեկվանից մեկնարկած միջոցառումները շարունակվել են նաեւ այսօր:
Ստեփանակերտի Հուշահամալիրն առաջին հյուրերին վաղ առավոտյան է դիմավորել` նորացված տեսքով եւ անփոփոխ տրամադրությամբ: Այստեղ էին հավաքվել նախկին զինակիցները. զրուցելու, հիշելու շատ բան ունեն: Հիշում ու հիշեցնում են ամենակարեւորը` հայությունը մայիսի 9-ը կարեւորելու առնվազն երեք առիթ ունի: Հենց միմյանց լրացնող այդ հաղթանակներն են արցախցիների հարատեւության գաղտնիքը: Հուշահամալիր ձգվող ժողովրդի հոսքին միացավ նաեւ բարձրաստիճան պատվիրակությունը` հայկական երկու պետությունների նախագահների եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ սպայակազմի ներկայացուցիչներ Արցախից ու Երեւանից, հյուրեր արտերկրից:
Ծաղեպսակների տեղադրում եւ ծաղիկների խոնարհում, իսկ հետո` պատվո պահակախմբի շարանցում` ի հիշատակ եւ ի պատիվ երեք հաղթանակների հերոսների: Արդեն տարիներ շարունակ անփոփոխ արարողակարգն այս անգամ էլ նույնն էր:
Ծաղիկներ դրվեցին նաեւ եղբայրական գերեզմանոցում: Այստեղ արդեն ընդհանուր կորստի ցավը հասնում է անձնական կորուստների մակարդակի:
Հաջորդ մեկնակետը Շուշիի տանկ-հուշարձանն էր: 20 տարի առաջ բերդաքաղաքը գրոհելիս է զարկվել համար 442 տանկը, որն այսօր Շուշիի խորհրդանիշերից մեկն է դարձել: Այստեղ էլ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին:
Ստեփանակերտից բարձրացողներն այստեղ կանգ չառան, ինչպես եւ 20 տարի առաջ Շուշին գրոհողները չէին կանգ առել կես ճանապարհին: Նրանց արդեն սպասում էին Շուշիի հրապարակում։ Իսկ վերջում տոնախմբությունն էր:
20 տարի առաջ ազատագրված բերդաքաղաքի վրա կրկին թեւածեցին հայկական զուռնա-դհոլի հնչյունները: Միմյանց շնորհավորում էին անգամ անծանոթներն` այնքան մեծ էր ոգեւորությունը: Շուշեցիներն ու հյուրերն ուրախանում են այնպես, ինչպես կարող է ուրախանալ միայն հաղթանակած բանակի զինվորը: Ազգային երգ ու պար, գոբելեն ու նկարչություն: Սա դեռ արժեքների մի մասն է, որ ազատագրումից հետո վերագտավ Շուշին: Բայց անգամ այդքանը Շուշին գրոհողներն իրենց ամենահամարձակ երազանքներում էլ չէին պատկերացնում` խոստովանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը:
Շուշիում տարած հաղթանակը միայն հիշողություն չէ: Այն համայն հայության հաղթանակն էր եւ այսօր էլ մնում է այդպիսին: Հաղթանակները նաեւ պահել է պետք: Այս առաքելությունն արդեն այսօրվա զինվորներին է վստահված: Զինվորներ, որոնցից շատերն այս տարի իրենց 20-ամյակը կբոլորեն, ինչպես պաշտպանության բանակը: Ավագ սերունդը լավատես է:
Մի կարեւոր քննություն էլ Պաշտպանության բանակը մայիսի 9-ին կհանձնի` իր 20-ամյա ձեռքբերումները շքերթում ներկայացնելով արցախցիներին ու հյուրերին: Բանակը միշտ ուժեղ, իսկ արցախցին միշտ զգոն պետք է լինի: Շուշին մեզ համար կես ճանապարհ է մնում: 20 տարի առաջ տարած հաղթանակը դեռ պետք է արժանի ավարտին հասցնել: Սրանք արդեն բարեմաղթանքներն են, որոնք առատ են հատկապես այս օրերին: