15:32 . 07/05
Վիլյամ Սարոյանի "Փասիանի որսացող" պատմվածքի հիման վրա նկարահանված կարճամետրաժ ֆիլմը կներկայացվի մայիսի 16-27-ը կայանալիք Կաննի փառատոնի կինոշուկային: "Արմենպրեսի" թղթակցի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամ, ֆիլմի ռեժիսոր Մարինա Զաքարյանը տեղեկացրեց, որ պատվիրակությունը կմեկնի Կանն մայիսի 14-ին:
"Փասիանի որսացողի" նկարահանման աշխատանքները մեկնարկել են 2011-ի հոկտեմբերին. այն հետագայում կմիավորվի մեկ ամբողջական` "Կիսալուսնի ծովածոցը" չորս մասերից բաղկացած լիամետրաժ ֆիլմում",- պատմեց Զաքարյանը:
Ֆիլմերի նկարահանման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի Ազգային կինոկենտրոնին, "Պարալլելա Ֆիլմփրոդաքշըն" ընկերությանը եւ հայտնի ռեժիսորական զույգին` ռեժիսոր Մարինա Զաքարյանին եւ պրոդյուսեր Հովհաննես Գալստյանին, ովքեր դեռեւս 2009-ին հանդիսատեսի դատին հանձնեցին "Խճճված զուգահեռներ" ֆիլմը:
"Կինոշուկային մասնակցելն առաջին հերթին նոր հնարավորություններ է բացում ռեժիսորների առջեւ, համագործակցության հեռանկարներ",- ասաց ռեժիսորը: Նրա կարծիքով` նման հեղինակավոր փառատոները նաեւ խթան են հանդիսանում հայկական կինոարտադրանքը աշխարհին ներկայացնելու եւ համաշխարհային կինոընթացքից հետ չմնալու համար:
Զաքարյանի խոսքով` հետագայում Սարոյանի չորս` "Մաղադանոսի այգին", "Ծննդյան տոներից երեք օր անց", ֆիլմի ընդհանուր անվանը համանուն "Կիսալուսնի ծովածոցը" եւ "Փասիան որսացողը" նովելներից մեկ լիամետրաժ ֆիլմ նկարահանելը պատահական չէ, քանի որ Սարոյանի ստեղծագործությունների միջոցով ռեժիսորը փորձել է գերնյարդային իրականության մեջ մարդուն իր մարդկային կերպարին վերադարձնել:
"Կիսալուսնի ծովածոցը" այն քաղաքի անունն է, որտեղ ծավալվում են գործողությունները: Իրականում ֆիլմերի գործողությունների աշխարհագրությունն ընդգրկելու է Երեւանն ու Գորիսը:
"Կիսալուսնի ծովածոցն" իր վերջնական արդյունքում կունենա մոտ 80 րոպե տեւողություն, որի ընթացքում կներկայացնի գավառական քաղաքում նոր կյանք սկսելու փորձեր կատարող հերոսների' նրանց փոխհարաբերությունները, սարոյանական գրչին բնորոշ պարզ, բայց միաժամանակ բովանդակալից ինտերնացիոնալ լեզվով, որը ներկայացնում է ոչ միայն Ամերիկան` հեղինակի կյանքի ու գործունեության երկիրը, այլեւ հայերին' իր հարազատ ժողովրդին: Ռեժիսորի թաքուն ցանկությունն է, որ ֆիլմերից առաջինը` "Փասիան որսացողը" վերադառնալով Կաննի կինոփառատոնից եւ մյուս նկարահանման ընթացքում գտնվող նովելների հետ միասին մեծ էկրաններին հայտնվի Սարոյանի 105-ամյա հոբելյանին ընդառաջ: