16:21 . 28/04
Հայաստանում գործող Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն արդեն ավելի քան 10 տարվա պատմություն ունի: Այդ ընթացքում դոնորագրվել է 21 հազար մարդ, ովքեր պատրաստ են անհրաժեշտության դեպքում իրենց արյան ցողունային բջիջները տալ արյան քաղցկեղով հիվանդներին:
Ռեեստրը, որ նաեւ եվրոպական իմունոգենետիկայի ֆեդերացիայի անդամ է, պարբերաբար քննություն է անցնում եւ թարմացնում այդ կառույցի անդամության լիցենզիան:
Մի քանի ժամով բժշկական որեւէ գործիք չի օգտագործվում: Երկար թերթի վրա նշվում են այն չափանիշները, որոնք ընդունում է ոսկրածուծի ռեեստրների համաշխարհային ընտանիքը: Օտարերկրյա մասնագետները նույնիսկ զարմանում են. Հայաստանի ոսկրածուծի դոնորների հայակական ռեեստրն իր որակով նույնիսկ ամերիկյան կառույցից է առաջ անցել: Իսկ դա նշանակում է, որ առաջիկա երեք տարիների համար մեր ռեեստրը ստանում է հերթական սերտիֆիկացումը եւ կարող է ոչ միայն մրցել, այլեւ աշխատել ու օգնել համաշխարհային վարկանիշ ունեցող մյուս ռեեստրներին:
Ոսկրածուծի դոնորների հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանի թիմին 10 տարի առաջ մի գաղափար համախմբեց. հայերը յուրահատուկ ժառանգական կառուցվածք ունեն ու եթե ոսկրածուծի փոխպատվաստման կարիք լինի` աշխարհում դժվար հանդիպեն մարդիկ, ովքեր կարող են մեզ համար դոնոր լինել: Ստեղծեց ոսկրածուծի դոնորների հայկական հիմնադրամը` դառնալով համաշխարհային հիմնադրամի լիիրավ անդամ: Սկսվեց դոնորոների հավաքագրում ու կենտրոնի աշխատակիցներն այսօր հպարտանում են. 21 հազար հայ պատրաստ է իր արյան բջիջների մի մասը տալ արյան քաղցկեղով հիվանդներին:
Երկրորդ քայլը մեր երկրի համար աննախադեպ էր. ստեղծվեց ցողունային բջիջների հավաքագրման կենտրոն: Սա բացառիկ գործընթաց է, որ ժամանակին իրականացվում էր միայն արտասահմանյան լավագույն կլինիկաներում: Առանց ցավի ու առողջության վնասի գործիքն արյան միջից առանձնացնում է միայն ցողունային բջիջները, հիմա սա արդեն հնարավոր է նաեւ Հայաստանում: Գործընթացը բժիշկներն անվանում են "ցողունային բիսկ", այստեղից մի փոքրիկ սառնարանի միջոցով դրանք կարող են ուղարկվել փոխպատվաստման: Օգնելու համար դոնորն այլեւս ստիպված չի լինի արտասահման մեկնել:
Այսպիսով, Հայաստանի ռեեստրը դառնում է ոչ միայն դոնոր, այլեւ ցողունային բջիջներ տրամադրող կենտրոն. միջազգային ասպարեզում մեծ քայլն արդեն արված է: Հաջորդը դեռեւս երազանք է. Հայաստանում կատարել ոսկրածուծի փոխպատվաստում:
"Էս ամեն ինչն արվել է մի նպատակով՝ մոտեցնել որակյալ բուժծառայությունը հասարակությանը: Ռեեստրը նախաքայլ է` փոխպատվաստման կենտրոն ստեղծելու ուղղությամբ: Եվ հանրապետությունում այդպիսի կենտրոն՝ առանց մեր կենտրոնի ստեղծել, գործնականում հնարավոր չէ: Այսինքն, առաջին երկու քայլերն արված են եւ պետք է մտածել փոխպատվաստման կենտրոն ստեղծելու մասին",- ասաց Միհրան Նազարեթյանը՝ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրենը։
Ու մինչ այդ հարցում իր խոսքը կասի նաեւ պետոթյունը` Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը ստանում է եվրոպայի իմունոգենետիկայի կենտրոնի հետ գործունեությունը շարունակելու հաջորդ առաջարկը:
"Երբ մենք ստացանք Հայասանում գործող այս լաբորատորիայի փորձաքննության արդյուքնները` համոզվեցինք, որ այն աշխատում է սահմանված ստանդարտներին համապատասխան: Այսինքն, այստեղ կատարված հետազոտություններն աշխարհի լավագույն կլինիկաների աշխաատնքից չեն տարբերվում",- ասաց Վիեննայի համալսարանական հիվանդանոցի արյան փոխներարկման բաժնի ներկայացուցիչ Ինգրիդ Ֆաեն:
Իրականում եվրոպական իմունոգենետիկայի կենտրոնի լիցենզավորումը պարզապես սերտիֆիկացման գործընթաց չէ: Սա նշանակում է, որ ռեեստրի կատարած յուարքանչյուր հետազոտություն ոչ միայն ճշգրիտ է, այլ` ընդունելի աշխարհի հեղինակավոր բոլոր կառույցներում:
Մեկնաբանություններ` 1
zara | 23:44 . 28/04
bravo