Հրադարարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` նշելով, որ իրենք խիստ մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի եւ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ վերջին հաղորդագրություններով, որոնց արդյունքում զոհեր ու կորուստներ են արձանագրվել:
Նրանք խստորեն դատապարտում են կյանքի որեւէ կորուստ եւ կողմերին կոչ անում հետեւել 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմին:
"Նման անմիտ գործողությունները հակառակ են ուժի կիրառումից զերծ մնալու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելու կողմերի նվիրվածությանը եւ հակասում են 2012-ի հունվարի 23-ին նախագահներ Ալիեւի, Սարգսյանի եւ Մեդվեդեւի համատեղ հայտարարության ոգուն",- ասված է հայտարարությունում:
Սակայն հատկանշական է, որ հերթական անգամ համանախագահները հայտարարությունը հրապարկել են առանց հստակ մատնանշելու հարձակումների բուն հեղինակին։
Ավելի վաղ տեղի է ունեցել հեռախոսազրույց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի եւ Հայաստանի Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանի միջեւ։ Համաձայն Պաշտպանության նախարարության հաղորդագրության, Դավիթ Տոնոյանը հաստատել է, որ Տավուշի մարզում տեղի ունեցածը դարանակալում է եղել: Այս մասին վկայում են բոլոր առկա փաստական հանգամանքները եւ ձեռք բերված ապացույցները. նախ, տեղանքը, որտեղ դեպքը կատարվել է, երկրորդը` կրակված փամփուշտները եւ վերջապես՝ վնասվածքները, որ ստացել էին զինծառայողները:
"Առհասարակ, սա հատուկ ստորաբաժանումներում ծառայած անձանց բնորոշ գործելաոճ է",- նշել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան:
Այլ մանրամասներ` ելնելով նախաքննության շահերից, չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Մովսես-Այգեպար ճանապարհային հատվածում ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը, ժամը 04:15-ի սահմաններում, N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող "ՎԱԶ 2107" մակնիշի ավտոմեքենայի վրա հարձակման հետեւանով երեք զինծառայող զոհվել է։ Դեպքի վայրի զննության ժամանակ հրազենքի կրակոցների բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել, նաեւ՝ վերը նշված մեքենայի վրա: Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Մեր տեղեկություններով, մեքենան այրվել է գազի բալոնի պայթյունի հետեւանքով։ Այլ տվյալներով, մեքենայում եղել է նաեւ չորրորդ զինվորականը, ով ներկայում հարցաքննվում է: