"Երկիր մեդիայն" նկարահանող խումբը գիշերն է վերադարձել Տավուշի մարզի սահմանային Դովեղ գյուղից, որը երկու օր առաջ կրակահերթի տակ էր հայտնվել: Կրակը դադարել էր մեր բանակի պատասխանի արդյունքում:
Մեր այցելության օրը գյուղում արդեն ամեն ինչ հանդարտ էր, փողոցները՝ դատարկ, աղմուկ չկա: Պատճառը տագնապն ու վախը չէր, այլ ՀՀԿ քարոզարշավը, որ ամբողջ գյուղին հավաքել էր Նոյեմբերյան քաղաքում: Դովեղցիները մտածել էին` գուցե երկրի նախագահն ինքն այցելի նախօրեին գնդակոծված գյուղ, որ Նոյեմբերյանից մեքենայով ընդամենը 5 րոպեի ճանապարհ է: Սպասել էին, հետո իրենք իջել նախագահին տեսնելու:
Դիրքերից կրակոցների ձայները հաճախ են արձագանքում Դովեղում: Այստեղից Ադրբեջանի սահմանը հազիվ 2 կիլոմետր լինի: Որ իրենց գյուղը սահմանի բերանին է, դովեղցիները մշտապես զգում են: Բայց 40 րոպե տեւած կրակահերթ՝ 1994-ի հրադադարից հետո, առաջին անգամ էին տեսնում:
Դովեղցիները ցույց են տալիս կրակոցներից վնասված մանկապարտեզը, խանութի պատը, կտրված ծառի ճյուղը, նաեւ "Գազ 53" ավտոմեքենայի կայանման վայրը: Մեքենան անմիջապես վերանորոգման են ուղարկել, որովհետեւ գյուղատնտեսական աշխատանքներում դրա կարիքը շատ կա:
"Գնացի, տեսնեմ փամփուշտը դռնից մտել, գնացել ակումլյատրից դուս ա եկել, հետո տրաքել էր, մեջը լրիվ բեկորներ էր: Թողեցինք, փախանք, գնացինք տուն: Հետո հանդարտվեց, եկանք, տեսանք",- պատմեցԴովեղի բնակիչ Հովհաննես Մեհրաբյանը։
Դովեղը 15 կմ սահմանակից է Ադրբեջանին: Դիրքերը պարզ երեւում են գյուղի կենտրոնից: Դովեղցիներն ասում են` մեծ փորձանքից ենք փրկվել:
"Դիրքերից երեւում է անմիջապես գյուղի կենտրոնը: Ուղղությունը վերցրել ու կրակել են ուղիղ մանկապարտեզի շենքին",- ասաց գյուղացիներից մեկը։
Կրակոցների պահին մանկապարտեզում եւ դպրոցում երեխաներ են եղել: Բոլորին տարհանել են` առանց խուճապ առաջացնելու: Գյուղում կյանքը նորից բնականոն ընթացքի մեջ է: Այստեղ կրակոցի ձայներից վաղուց արդեն վեր չեն թռնում:
"Էդ րոպեին կրակում են, անհանգստանում ենք, խառնվում ենք իրար, հենց կրակոցները կտրվում են, մեզ համար դառնում է սովորական, իջնում ենք այգիները",- ասաց Գայանե Ամիրաղյանը։
Ինչպես հայկական ու ադրբեջանական դիրքերն են երկու սարի գագաթներից նայում իրար, այնպես էլ Դովեղն ու ադրբեջանական Քյամառլու գյուղը: Դովեղի մշակելի հողերի մեծ մասը սահմանի բերանին է: Գյուղացիները հաճախ ադրբեջանցի նշանառուների դիտակետում են հող մշակում: Մշակում են, մինչեւ կլսվի հերթական կրակոցը, գյուղացին կթողնի բահն ու կփախչի: Կանցնի մի քանի օր ու դովեղցին ճարահատյալ նորից կվերադառնա իր հողատարածք:
Ոչ մեկս չենք աշխատում, հողով ենք զբաղվում, ջուր չկա, իրավիճակը վատ է, չեն թողնում, որ գնանք, մեր հողը մշակենք: Էլի մի կերպ տապ անելով, ծառի շվաքին կանգնելով` ստիպված մշակում ենք, որ ապրենք: Մեզ հետաքրքիր է` մեզնով գոնե մեկը կարող ա հետաքրքրվել",- ասաց Գ. Ամիրաղյանը։
Դովեղը շուրջ 400 բնակիչ ունի: Ավագանու անդամ Հրանտ Կիրակոսյանն ասում է` գյուղը դատարկվում է՝ սոցիալական պայմանները գնալով անտանելի են դառնում: Երիտասարդները Ռուսաստան են մեկնում, գյուղում մնացածներն էլ` սպասում` ինչ կուղարկեն:
"Ի՞նչ անենք, էրեխես Ռուսաստանում ա, աշխատանք չկա: Տարին 12 ամիս գնում, 2-3 հարյուր դոլար փող ա բերում, 2 պարկ ալյուր էլ չենք կարողանում առնել: Հեչ բան ա էս գյուղը, ոնց որ պահապան լինենք Նոյեմբերյանի ռայոնի",- ասաց Սիրուշ Ղազարյանը։
Դովեղցուն խոստումներով չես ոգեւորի, գյուղի զարգացման ծրագրերով չես խաբի: Հասկանում են` գյուղը սահմանին է, հեշտ չես պահի: Բայց ուզում են զգալ, որ իրենց հետ այդ դժվարությունները կիսող կա: Կրակահերթից 2 օր անց ոչ մի պաշտոնյա Դովեղ չի այցելել: