"Ժառանգությունը" քարոզչական ներկա շրջանը բնականոն է համարում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ հակառակ կուսակցության հասցեին արվող "ցեխարձակումներին", իրենք իրենց աշխատանքով ու քաղաքական դիրքորոշումներով մշտապես ապացուցել են, թե ինչպիսի քաղաքական ուժ են:
"Հանդիպումները ցույց են տալիս, որ մեր նկատմամբ իսկապես վստահություն ու հավատ կա, եւ մեր աշխատանքը, որն իրականացրել ենք այս տարիների ընթացքում, որքան էլ սահմանափակ հրապարակայնացմամբ, այնուամենայնիվ, քաղաքացիների կողմից գնահատանքի արժանացել է",- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Քաղաքական գործիչն անդրադարձավ նաեւ տարածվող այն տեղեկություններին, որոնց համաձայն` կուսակցությունն ընտրական հանձնաժողովում իրեն հատկացված տեղերի մի մասը զիջել է "Հանրապետականին": Արմեն Մարտիրոսյանը բացատրեց, որ դա ընդամենը տեխնիկական վրիպակ է եղել. աշխատող օպերատորը չի նկատել, որ որոշ անձինք դուրս են մնացել ցուցակից, որը ներկայացվել է ԿԸՀ:
"Այն տեղամասում, որտեղ տվյալ կուսակցությունը հանձնաժողովի անդամ չի ներկայացնում,ընտրական հանձնաժողովի նախագահն ինքն է անդամ նշանակում: Սա ոչ թե "Ժառանգության" նվերն է ինչ որ կուսակցության, այլ օրենքով է կարգավորվում",- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Լրագրողների խնդրանքով բանախոսը մեկնաբանեց նաեւ ժամանակ առ ժամանակ ներկայացվող այն տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն ընդդիմադիր գործիչները չեն հասկանում:
"Թող չթվա, թե "Ժառանգության" ղեկավարին չեն հասկանում, ուղղակի չհասկանալու տեղ են տալիս: Ծրագրում հստակ նշված է հայ-թուրքական հարաբերությունների, արձանագրությունների անթույլատրելիության եւ շատ այլ հարցերի հետ կապված դրույթները",- նշեց Մարտիրոսյանը:
Իսկ այս շրջանում հաճախակի դարձած սոցիոլոգիական հարցումներին "Ժառանգության" ներկայացուցիչը թերահավատորեն է վերաբերվում: Ասում է, որ նախորդ ընտրություններին "Գելափ" ընկերությունն իրենց կուսակցության համար կանխատեսել էր 1-2 տոկոս ձայն, իրականում իրենք 20 տոկոս են հավաքել, սակայն հաջողվել է պահել միայն 6-ը:
"Այս դեպքում 3 տոկոս է եւ եթե բազմապատկենք 9-ով, կլինի 27 տոկոս: Դա հենց այն թիվն է, որը "Գելափի" տվյալներով` քաղաքացիների վստահությունն է "Ժառանգության" նկատմամբ",- նշեց ԱԺ պատգամավորը: