Կա՞ն նախընտրական քարոզչության տարրեր ներկայացվող տեսանյութում, թե՞ ոչ: "Այո"-ն ու "ոչ"-ն այս շրջանում որոշում է հեռուստաեթերի մշտադիտարկում իրականացնող կազմակերպությունը, այս դեպքում` "Երեւանի մամուլի ակումբը":
Իր ասուլիսում ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր տվել է ընդամենը 3 կուսակցության անուն, հետեւաբար, ասուլիսում անդրադարձող սյուժեում եւս տրվում են նույն անունները, ուստի քարոզարշավի երկրորդ տասնօրյակի դիտարկման արդյունքները ներկայացնելիս՝ ԵՄԱ-ն, կարծում ենք, հաշվի կառնի այս հանգամանքը: Իսկ այսօր նա ներկայացել է ապրիլի 7-18-ը դիտարկման արդյուքնները։
ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի երեկվա հայտարարությունն՝ Օբամայի ելույթի վերաբերյալ, Երեւանի մամուլի ակումբը դիտարկել է որպես եթերային ժամանակ, որի ընթացքում իրականացվել է ՀՅԴ-ի քարոզարշավը:
"Անպայման, որովհետեեւ, սա եթերային ժամանակ է, որը կուսակցությունը օգտագործել է ընտրողներին կողմնորոշելու համար",- ասաց Բորիս Նավասարդյանը։
Նախընտրական հեռուստաեթերի դիտարկում ԵՄԱ-ն իրականացնում է 16 տարի: Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է` կարեւորը դիտարկման հիմնական սկզբունքն է. անկախ բոլոր հանգամանքներից՝ հավասարաչափ հեռուստատեսային հնարավորություններ` բոլոր քաղաքական ուժերին. - "Եթե կա մեթոդաբանություն, պետք է հետեւս դրան, եթե սկսես ճկուն լինել, փչանում է կոնկրետ մեթոդոլոգիան":
ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ըստ Երեւանի մամուլի ակումբի` ապրիլի 8-17-ն իրականացված մշտադիտարկման արդյունքների, ամենաշատն են լուսաբանվել հեռարձակվող լրատվամիջոցներում, ՀՀԿ-ն` ընդհանուր առմամբ, իսկ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն` "Երկիր Մեդիայով" եւ "Կենտրոնով": Բայց վերլուծությունը, որի հիմքում դիտարկման արդյունքներն են, կատարվում է ողջամտության սահմաններում:
Բորիս Նավասարդյանն իրենց ուսումնասիրությունը կարդացողներին խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե րոպեներին ու թվերին, այլ հենց վերլուծությանը:
"Եթե որեւէ կուսակցություն ավելի շատ լուսաբանում է ստացել, բայց որեւէ խոչընդոտ չի եղել այլ կուսակցությունների համար եւս ներկայանալու, ես այստեղ մեծ խնդիրներ չեմ տեսնում",- ասաց նա:
Ընդհանրապես, այս նախընտրական քարոզարշավի լուսաբանումը Բորիս Նավասարդյանը շատ բարձր է գնահատում: Ի տարբերություն անցած ընտրությունների, ասում է` այս անգամ լուսաբանումն անհամեմատ բարեխիղճ է ու պատասխանատու: Եթե այսպես շարունակվի, գոնե լուսաբանման առումով ընտրական գործընթացները իսկապես կարող են համարվել արդար ու թափանցիկ։
Խորհուրդը, որ ԵՄԱ նախագահը տալիս է, դիտարկումները հաշվի առնելով, ուղղված է այն պաշտոնյաներին, ովքեր նաեւ պատգամավորության թեկնածուներ են եւ համամասնական ցուցակների առաջին եռյակում են: Ասում է` լավ կլիներ, եթե մի քիչ կրճատեին ընտրությունների հետ չկապված իրենց պաշտոնական գործունեությունը. -"Հրապարակային գործունեությունը նկատի ունեմ, թե չէ կաբինետներում, ինչքան շատ աշխատեն, մեր բոլորիս օգուտն է":