Իջեւանյան անձրեւն անգամ չխանգարեց տավուշցիներին ներկա լինել "Դաշնակցության" գործիչների հետ հանդիպմանը։
"Չգնալով "Դաշնակցության" գաղափարախոսության հետեւից, մեր երկիրը կարող է հայտնվել քաղաքական գործընթացների լուսանցքում",- իր համաքաղացիներին ասաց համալսարանի դասախոս Վարդան Ալեքսանյանը։
Խոսքը փոխանցելով ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին, Ալեքսանյանը նկատեց, որ եթե ուշադրությամբ իջեւանցիները հետեւեն ՀՅԴ-ի ծրագրերին, կհամոզվեն, որ այն իրատեսական է։ 2 ամսվա անդադար աշխատանքի արդյունքում է կազմվել ծրագիրը, իջեւանցիներին տեղեկացրեց Դավիթ Լոքյանը։ "Դաշնակցությունը" վայր դրեց կոալիցայում իր պորտֆելները եւ դա, ըստ ՀՅԴ Բյուորյի անդամի, խոսում է այն մասին, որ կուսակցության համար իշխանական աթոռը երբեք նպատակ չէ։
ԱԺ ՀՅԴ խմբակցույթան քարտուղար Արտաշես Շահբազյանն էլ նկատեց, որ այս օրերին ինքը փորձում է քարոզարշավին նայել կողքից։ Շահբազյանին զարմացրել է այն սոցիալական ծրագրերը, որ ներկայացնում են իշխանության մաս կազմող քաղաքական ուժերը։
"5 տարի շարունակ այս նույն մարդիկ մերժում էին մեր այն բոլոր առաջարկները, որոնք միտված էին նպաստների, աշխատավարձերի բարձրացմանը",- ասաց նա։
Օրվա իշխանությունները ձախողել են շատ ծրագրեր։ Մեր երկրում այսօր գոյություն ունեցող սոցիալական իրավիճակն էլ ավելի է վատանալու, եթե իշխանությունները չհեռանան։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը տավուշցիներին վստահեցրեց՝ ոչ թե անձերի, այլ միայն համակարգային փոփոխությամբ է հնարավոր լուրջ բարեփոխումներ իրականացնել։
"Եթե տեր կանգնեք ձեր քվեին, մենք կարող ենք ընտրական հեղափոխություն իրականացնել",- ասաց Ռուստամյանը։
Հանրահավաքից հետո, ապրիլի 24-ին ընդառաջ, տավուշցի երիտասարդները մասնակցեցին արդեն ավանդական դարձած ջահերով երթին եւ շարժվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր։