13:09 . 19/04
Երեւանում Կիեւյան կամրջից, ապրիլի 18-ին, իրեն ցած նետած աղջկա ինքնությունը պարզվել է։ Ոստիկանության հաղորդմամբ, նա Եղեգնաձորի Շատին գյուղի բնակիչ, 20-ամյա Ս.Ս-ն է։
Ինքնասպանության այս դեպքի պատճառների մասին մամուլում այսօր արդեն տարբեր լուրեր են շրջանառվում։ Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը news.am-ին պատմել է, որ ինքնասպանություն գործածի ընտանիքը միջին պայմաններում է ապրում, ծնողները հողագործությամբ եւ անասնապահությամբ են զբաղվում։ Նրանց ընտանիքում 4 երեխա կա, ավագ քույրերն ամուսնացած են, եղբայրը Մոսկվայում է, իսկ ինքնասպանություն գործածն աշխատում էր քաղցրաբլիթի արտադրամասում։
Ապրիլի 18-ը նրա հանգստյան օրն է եղել։ Նա տանից դուրս գալով՝ ասել է, թե գնում է Եղեգնաձոր՝ հագուստ գնելու։ Գյուղապետը պատմել է, թե առավոտյան աղջիկը խոսել է Սիսիանում ամուսնացած քրոջ հետ եւ ասել է, որ գտնվում է հիվանդանոցում, առողջական լուրջ խնդիրներ ունի։
Գյուղում եւս նրա՝ ինքնասպանություն գործելու մասին մի շարք վարկածներ են շրջանառվում։ Տեղեկություններ կան, որ նա ընկեր է ունեցել, նույնիսկ պատրաստվում էր նշանվել։ Ըստ տարածված խոսակցությունների՝ աղջիկը հնարավոր է՝ հղի է եղել, ինչն էլ, երեւի ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել, թեեւ, գյուղապետի խոսքով, սա դեռ հստակ չէ եւ ամեն բան ցույց կտա նախաքննության ընթացքը։
Մամիկոն Սմբատյանի խոսքով, նրա՝ Երեւանում ապրող քույրն ասել է, որ քույրը Կիեւյան կամրջի տեղն էլ չգիտի, եւ ենթադրվում է, որ նրան ստիպել են ինքնասպանություն գործել։
"Ինչ-որ անձնական խնդիր է եղել, թե ոնց` էդպես է արել, գլուխ չենք հանում։ Հնարավոր է, որ ինչ-որ տղայի հետ կապված լինի, կարող է տարել են, գցել, չգիտեմ",- ասել է գյուղապետը՝ հավելելով, որ երկու վարկածներն էլ հավանական է՝ կապված են իրար հետ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի