"Հայաստանում կան երկու տիպի կուսակցություններ՝ փողի եւ գաղափարի։ "Դաշնակցությունը" գաղափարի կուսակցությունն է"։ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն Արմավիրում տեղի ունեցած հանրահավաքում նաեւ անդրադարձավ քաղաքական ընտրապայքարի դուրս եկած ուժերի առանձնահատկություններին։ ՀՅԴ-ն մեկ անձի շուրջ ձեւավորված քաղաքական ուժ չէ։ Միասնական թիմ է, որը գալիս է ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար։
"Պետք է կոտրել այս կարծրատիպը, թե ընտրություններով ոչինչ հնարավոր չէ փոխել: Այդպես մտածողները, հավատացեք, ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին։ Մենք այսօր պատրաստ ենք համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ: Այդ իսկ պատճառով միավորվել ենք միասնական շտաբում։ Իսկ ովքեր չեն միավորվել, ուրեմն նրանց նպատակն ամենեւին էլ արդար եւ թափանցիկ ընտրութլուներ անցկացնելը չէ",- ասաց Արմեն Ռուստամյանը։
Բոլոր ընտրատեղամասերում "Դաշնակցությունը" պատրաստ է վճռական պայքարի։ Յուրաքանչյուր ընտրողի ձայնը պետք է պաշտպանել "անկախ այն բանից, թե նա ում կտա իր ձայնը":
"Քաղաքական մուրացականությունն է սկսված",- արձանագրեց ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, եւ դիմելով արմավիրցիներին` կոչ արեց, ընտրություն կատարելիս, տարբերել թացը չորից, արդարն՝ անարդարից ու կեղծն իրականից։
"Ձեր ձայնը տվեք ձեր ընկերոջը, ձեր զինվորին, ձեր տիրոջն ու ձեր ծառային՝ "Դաշնակցությանը",- նշեց նա:
Իսկ Արծվիկ Մինասյանի կարծիքով էլ "Դաշնակցությունը" միայն նախընտրական շրջանում չէ, որ բեկումնային սոցիալական բարեփոխումների ծրագիր է ներկայացնում։ Մինչդեռ այն քաղաքական ուժերը, որոնք այսօր են փորձում բարեփոխումներ առաջարկել, խորհրդարանում պարբերաբար մերժել են ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկները։
"Ոչ մի տեղ այնքան հստակ խոսք, խոստում չեն լսել ընտրողները, որքան "Դաշնակցության" ծրագրերում։ Սա էլ ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի եզրակացությունն է։
"Ձեր երեխան վաղը լավ է ապրելու միայն ու միայն այն դեպքում, եթե դուք ունենաք դաշնակցական իշխանություն։ Եթե ցանկություն կա ունենալու լավ ապագա, ապա վաղը հստակ կողմնորոշվածներից յուրաքանչյուրը պետք է արթնանա, հարեւանի դուռը թակի եւ բացատրի, որ եթե ուզում է լավ ապրել, ապա, "Դաշնակցությանն" ընտրելուց բացի, այլընտրանք չունի",- ասաց Աղաբեկյանը:
Հանրահավաքն ավարտվեց ազգային ազատագրական երգերի կատարումներով։ Ներսիկ եւ Աղասի Իսպիրյանների, Մկրտիչ Մկրտչյանի կատարումներն ուղեկցվում էին ՀՅԴ-ին ընտրելու արմավիրցիներին ուղղված հորդոր-կոչերով: Իսկ ՀՅԴ-ի հաջորդ հանդիպումն ապրիլի 20-ին է՝ Գավառում։